2018 թվականին Հայաստանում էլեկտրաէներգիան չի թանկանա, իսկ ջրի վերաբերյալ քննարկումներ կընթանան: Հոկտեմբերի 31-ին ԱԺ մշտական հանձնաժողովներում 2018 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ելույթ ունենալիս այս մասին ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Սողոմոնյանը:

Ինչ վերաբերում է ջրին, ապա Հանձնաժողովը հիմա քննարկում է «Վեոլա ջուր» ընկերության հայտը 1 խոր.մետրի սակագինը 14 դրամով (3 ցենտ) կամ 7,7 տոկոսով թանկացնելու մասին՝ 180 դրամից մինչեւ 194 դրամ: «Մյուս շաբաթ մենք կավարտենք հարցի ուսումնասիրումը եւ մինչեւ նոյեմբերի վերջ ձեզ կհայտնենք մեր որոշման մասին»,- հավելեց Սողոմոնյանը: Նա հիշեցրեց, որ ըստ կառավարության հետ կնքած պայմանագրի՝ «Վեոլա ջրի» սակագնի վրա 3 գործոն է ազդում՝ ինֆլյացիան, էլեկտրաէներգիայի սակագինը եւ ջրի վաճառքի ծավալները: Առաջին 2 գործոնները գրեթե չեն փոխվել, իսկ վաճառքը կազմել է 113 մլն խոր.մետր՝ ծրագրածից 10 մլն պակաս: «Մենք ցանկանում ենք հասկանալ՝ ինչու են նրանք քիչ վաճառել, եւ դա որքանով է լուրջ սակագնի համար»,- նշեց պաշտոնյան:

Նշենք, որ Վեոլա ջուրն» առաջարկում է ջրի սակագինը 14 դրամով բարձրացնել: Դրանից 6 դրամը սակագնային գրաֆկով է, որն ամրագրված է պայմանագրում, մնացյալը նշված 3 գործոններին է բաժին ընկնում: «Վեոլա ջուրը» ֆրանսիական Veolia-ի դուստր ընկերությունն է: 2006 թվականից Veolia-ն զբաղվում է Երեւանի ջրամատակարարմամբ, իսկ 2016 թվականի աշնանը հաղթել է մրցույթում, որի համաձայն՝ 2017 թվականից 15 տարով կառավարում է ամբողջ երկրի ջրամատակարարումը: