Ռուսաստանը չի կարող «յոլա գնալ» առանց աշխատող միգրանտների, սակայն նրանց ներգրավվածությունը չպետք է ռուսաստանցիների հաշվին լինի։ Այս մասին դեկտեմբերի 15-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը՝ արհմիությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

«Անկեղծ լինենք, այսօր մենք չենք կարող ապրել առանց արտասահմանյան լրացուցիչ աշխատանքային ռեսուրսների։ Արհմիությունները, շրջանային իշխանությունների հետ համատեղ, պետք է հասնեն նրան, որ գործատուների կողմից արտասահմանցի աշխատողների ներգրավումը չվնասի մեր քաղաքացիներին»,- ասել է նախագահը։