Առաջիկայում Մոսկվան գործող պայմանագրի շրջանակում Երեւան զենքի խմբաքանակ  կմատակարարի, արդեն ստորագրված նոր 100 մլն դոլարի պայմանագրի իրականացումը կսկսվի բոլոր միջպետական համաձայնեցումներն ավարտելուց հետո: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

«Այո, մինչեւ այս տարեվերջ մենք կիրականացնենք դեռեւս նախորդ պայմանագիրը: Օրերս մենք նոր մատակարարումների ենք սպասում, եւ մինչեւ տարեվերջ նախորդ պայմանագրի հետ կապված բոլոր հարցերը կփակենք»,- ասել է Սարգսյանը:

2015 թվականի հունիսին համաձայնագիր էր ստորագրվել Ռուսաստանից Հայաստան պետական արտահանման 200 մլն դոլար վարկ տրամադրելու մասին ռուսական արտադրության ռազմական արտադրանք ձեռք բերելու համար:

«Մենք արդեն Երեւանում նոր պայմանագիր ենք ստորագրել, որը պետք է անցնի ռուսական եւ հայկական բոլոր ատյաններով, այնուհետեւ վավերացման ընթացակարգով, իսկ ահա դրանից հետո արդեն մենք կսկսենք աշխատանքը ռուսական կողմի համապատասխան արտադրողների հետ՝ այս ծրագրի իականացման համար: Ցավոք, դա այնքան էլ արագ չի ստացվի»,- հավելել է Հայաստանի նախագահը:

Պայմանագրի նախագծի համաձայն, որը Հայաստանի կառավարության հավանությանն է արժանացել հոկտեմբերի 12-ին, ՌԴ-ն հայկական կողմին պետական արտահանման վարկ կտրամադրի ռազմական նշանակության ռուսական արտադրության արտադրանքի մատակարարման ֆինանսավորման համար: Հայկական կողմը վարկը կօգտագործի  արտադրանքի մատակարարման յուրաքանչյուր պայմանագրի արժեքի մինչեւ 90 տոկոսի ֆինանսավորման համար՝ դոլարով հաշվարկված: Կանխավճարը պետք է կազմի պայմանագրի արժեքի 10 տոկոսից ոչ պակաս եւ հայկական կողմից իրականացվի հօգուտ լիազորված ռուսական կազմակերպությունների:

Համաձայնագրի նախագծում նշված է, որ վարկը հատկացվում է 15 տարի մարման ժամկետով տարեկան 3 տոկոսով: Հայաստանը պետք է վարկային միջոցներից օգտվի 2018–2022 թվականներին: