Ամանորյա տոնական լուսավորությունը կլինի ողջ քաղաքում, իսկ 31 մետր բարձրությամբ Հանրապետության գլխավոր տոնածառն այս տարի զարդարվել է 72 աստղիկներով եւ 4000 տարբեր գույների խաղալիքներով:

Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ տոնածառի վրա կվառվեն 32000 լուսադիոդային լամպեր: Մայր տոնածառը հավաքվել է եղեւնու 6000 բնական ճյուղերով, որոնք բերվել են սանիտարական հատման  արդյունքում: Բոլոր վարչական շրջաններում նույնպես տեղադրվել են տոնածառեր: Դեկտեմբերի 31-ից մինչեւ հունվարի 6-ը Հանրապետության հրապարակում կանցկացվեն շքեղ տոնական համերգային ծրագրեր։

Դեկտեմբերի 31-ին ժամը 13:00-ից Հանրապետության հրապարակում կմեկնարկի տոնական համերգը` մանկական համույթների եւ պարային խմբերի, հեքիաթային հերոսների մասնակցությամբ։ Սիրված հեքիաթների հերոսների մասնակցությամբ կկազմակերպվեն նաեւ մանկական խաղեր։

Երեկոյան ժամը 23:00-ից կսկսվի տոնական համերգը` երգիչների ու պարային խմբերի մասնակցությամբ, որը ժամը 24:00-ին կուղեկցվի շքեղ հրավառությամբ: Համերգը կշարունակվի մինչեւ ուշ գիշեր `ժ. 04:00-ը։

Հունվարի 1-6-ը Հանրապետության հրապարակում կանցկացվեն ցերեկային միջոցառումներ` հեքիաթային հերոսների մասնակցությամբ: Այդ օրերին երեկոյան ժ. 18:00-22:00-ին  Dj-ները կանցկացնեն տոնական համերգային դիսկոտեկ։

Դեկտեմբերի 6-ից տոնական միջոցառումները մեկնարկել են Ազատության հրապարակում: Ժամը 15:00-18:00-ին այստեղ անցկացվում են ցերեկային համերգային ծրագրեր` մանկական համույթների, պարային խմբերի, անհատ կատարողների մասնակցությամբ։ Տոնական միջոցառումներն Ազատության հրապարակում կշարունակվեն մինչեւ հունվարի 6-ը:

Սահադաշտի վերածված Կարապի լճում դեկտեմբերի 30-ից մինչեւ 2011թ. հունվարի 6-ը կանցկացվեն գեղասահքի տոնական ցերեկային ծրագրեր` Ձմեռ պապի եւ Ձյունանուշի մասնակցությամբ։ Նախատեսվում են խմբակային պարեր հայ եւ ռուս կոմպոզիտորների երաժշտությունների ուղեկցությամբ, մենապարեր, զուգապարեր, «Բուրատինո» հեքիաթ- պար` գեղասահքի մարզադպրոցի սաների մասնակցությամբ։

Օրական 30 րոպե տեւողությամբ կանցկացվի նաեւ հոկեյի մրցաշար:

Երեւանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքում կազմակերպված բոլոր միջոցառումների ընթացքում իրենց մասնակցությունը կունենան Ձմեռ պապն ու Ձյունանուշը, ովքեր կաշխատեն անվճար: 

Տոնական միջոցառումներ կանցկացվեն նաեւ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում: