Halo Trust ակազերծման միջազգային մարդասիրական կազմակերպությանը ականազերծման աշխատանքը Լեռնային Ղարաբաղում շարունակելու համար 400 հազար դոլար է անհրաժեշտ։ Դեկտեմբերի 15-ին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանի կեցավայրում կազմակերպված երեկույթի ժամանակ հայտարարեց Halo Trust-ի Լեռնային Ղարաբաղի ծրագրի տնօրեն Ռոլի Քլարկը։ Ըստ նրա՝ ԼՂ տարածքում ականազերծման ծրագիրը ֆինանսավորում էր Մեծ Բրիտանիայի կառավարությունը, բայց 2011-ի հունվարի 1-ից այն կրճատվել է։
«Ականազերծման 2011 թվականի աշխատանքը կազմակերպելու համար 400 հազար դոլար պակասում է։ 2010-ին գումարը կազմել է 1,9 մլն դոլար, նույնքան էլ անհրաժեշտ է հաջորդ տարվա համար»,- նշեց Քլարկը՝ մանրամասնելով, որ ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում կատարում են տեղի բնակչության ուժերով։
Ըստ Քլարկի՝ ԼՂ-ում ականզերծողների աշխատավարձը կազմում է 400 դոլար։
«Ծրագրի աջակցման համար դիմելու ենք տարբեր դոնոր կազմակերպությունների, ինչպես նաեւ հայկական Սփյուռքին, բայց եթե պակասող գումարը տրամադրի հայաստանի կառավարությունը դա պարզապես հրաշալի կլինի»,- ասաց Halo Trust-ի Լեռնային Ղարաբաղի ծրագրի տնօրենը։
Նրա խոսքով՝ միայն այս տարի ականներից 5 մարդ արդեն տուժել է։ «Գումարը չհայթայթելու դեպքում աշխատանքը կշարունակվի, բայց շատ ավելի դանդաղ տեմպով, քան նախկինում»,- եզրափակեց Քլարկը։





























