Ղարաբաղյան հակամարտությունն անհրաժեշտ է լուծել խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե ռազմական: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 1-ին, ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի անդամների հետ հանդիպման ժամանակ նշել է Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Աբդելբարի Ալ-Զիբարին:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը հայկական կողմից մասնակցել են Արման Սաղաթելյանը, Շիրակ Թորոսյանը, Արամ Սարգսյանը, Ռուստամ Մախմուդյանը եւ Արսեն Միխայլովը:

Շիրակ Թորոսյանն անդրադարձել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցին եւ նշել, որ Ադրբեջանն ամեն կերպ իր ագրեսիվ քաղաքականությամբ փորձում է ձախողել խնդրի խաղաղ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում՝ անգամ տանելով այն կրոնական հարթություն: Պարոն Թորոսյանը նշել է, որ Հայաստանը ջերմ եւ բարեկամական հարաբերություններ ունի տարածաշրջանի բազմաթիվ՝ հատկապես արաբական երկրների հետ: Ի պատասխան՝ պատվիրակության ղեկավար Աբդելբարի Ալ-Զիբարին ներկայացրել է Իրաքի տեսակետը, ըստ որի՝ նման հակամարտություններն անհրաժեշտ է լուծել խաղաղ ճանապարհով, այլ ոչ թե ռազմական:

ՀՀ ԱԺ Հայաստան-Իրաք բարեկամական խմբի անդամներ Արսեն Միխայլովը, Արամ Սարգսյանը եւ Ռուստամ Մախմուդյանը նույնպես կարեւորել են հայ-իրաքյան հարաբերությունների զարգացումն ու միջխորհրդարանական կապերի ամրապնդումը, խոսել առեւտրատնտեսական կապերի զարգացման հնարավորություններից:

Ռուստամ Մախմուդյանն անդրադարձել է 2014 թվականին եզդիների նկատմամբ իրականացված ոճրագործություններին եւ իրաքցի գործընկերներին հորդորել աջակցելու, որպեսզի տեղահանված եզդիները հնարավորություն ունենան վերադառնալու իրենց բնօրրաններ:

Պատվիրակության ղեկավար Աբդելբարի Ալ-Զիբարին, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, կարեւորել է նման հանդիպումները թե՛ հարաբերությունների խորացման, թե՛ տարբեր հարցերում փորձի փոխանակման տեսանկյունից: Նա, ինչպես նաեւ պատվիրակության անդամները, կարեւորել են համագործակցության խորացման անհրաժեշտությունն առեւտրատնտեսական, մշակութային, կրթության ոլորտներում: Երկուստեք կարեւորվել է ներդրումների խրախուսումն ու բազմոլորտ համագործակցության զարգացումը, միջխորհրդարանական կապերի ամրապնդումը:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Իրաքում հայկական համայնքին, բարձր գնահատվել նրանց դերակատարությունը հասարակական կյանքում: