Թեհրանում Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը Իրանի նախագահ Հասան Ռոհանիի մասնակցությամբ եռակողմ գագաթաժողովից առաջ հանդիպել են, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, այս անգամ Թեհրանում. Մենք պարբերաբար հանդիպում ենք եւ խոսում ենք հեռախոսով, մշտական կապի մեջ ենք, դա բնական է, քանի որ մեր երկրների միջեւ հարաբերությունները հատուկ բնույթ են կրում եւ, իհարկե, դա ռազմավարական գործընկերության բնույթ է»,- Ալիեւի հետ հանդիպման սկզբում ասել է Պուտինը:
Նա նշել է, որ հարաբերությունները զարգացնելու երկկողմ ջանքերն ապարդյուն չեն, եւ դրա օրինակն է առեւտրաշրջանառության աճը: 2017 թվականի ինն ամիսներին այս ցուցանիշը աճել է գրեթե 62 տոկոսով:
«Մենք աշխատում ենք նաեւ այլ ոլորտներում, մշտապես խորհրդակցում ենք տարածաշրջանային խնդիրների մասին, շատ ուրախ եմ երկկողմանի ձեւաչափով Ձեզ հանդիպելու համար», - ասել է Ռուսաստանի նախագահը:
«Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները ռազմավարական բնույթ են կրում, եւ մենք հենց այդպես էլ բնութագրում ենք դրանք: Մենք համագործակցում ենք բոլոր ոլորտներում` հումանիտար, տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային, ռազմատեխնիկական: Հետեւաբար, սա բարեկամների, հարեւանների եւ մերձավոր գործընկերների լիարժեք հարաբերություններ են», - իր հերթին ասել է Ալիեւը:



























