ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ նոյեմբերի 2-ին, ընդունել է ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Նիկոլայ Ռիժկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է միջխորհրդարանական հանձնաժողովի 30-րդ նիստի անցկացման կապակցությամբ:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հյուրերին մեր երկրում՝ նախագահը համոզվածություն է հայտնել, որ երեւանյան նիստը նախորդների օրինակով կանցնի կառուցողական մթնոլորտում, եւ նիստի ընթացքում կքննարկվեն հայ-ռուսական դաշնակցային գործընկերության հետագա խորացմանն ու ամրապնդմանն ուղղված երկկողմ օրակարգի արդիական հարցեր:
Ընդգծելով, որ 2017 թվականը հայ-ռուսական հարաբերությունների համար հոբելյանական է. այս տարի նշվում է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը եւ Բարեկամության, համագործակցության եւ փոխադարձ օգնության մասին պայմանագրի ստորագրման 20-ամյակը, նախագահ Սարգսյանը նշել է, որ այդ ընթացքում մեծ աշխատանք է կատարվել: Հանրապետության նախագահի գնահատմամբ՝ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններն այսօր առանձնանում են բոլոր մակարդակներում ակտիվ երկխոսությամբ, արտաքին քաղաքական լայն կոորդինացմամբ, միջազգային եւ տարածաշրջանային հարթակներում ակտիվ աշխատանքով, տնտեսության, ռազմական, ռազմատեխնիկական եւ հումանիտար ոլորտներում սերտ համագործակցությամբ:
Հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործում նախագահը մեծապես կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերը եւ այդ համատեքստում բարձր գնահատել ՀՀ Ազգային ժողովի եւ ՌԴ Դաշնային ժողովի միջեւ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի գործունեությունը՝ մաղթելով հանձնաժողովի 30-րդ նիստի մասնակիցներին արգասաբեր աշխատանք՝ ի շահ երկու ժողովուրդների բարեկամության եւ ի նպաստ հայ-ռուսական հարաբերությունների հետագա ամրապնդման:
Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահը շնորհակալություն է հայտնել նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար, ընդգծել, որ անհրաժեշտ է հետեւողականորեն շարունակել երկու երկրների օրենսդիր եւ գործադիր մարմինների մակարդակներում եւս հարաբերությունների ամրապնդումը՝ հասցնելով քաղաքական հարաբերությունների այն բարձր մակարդակին, որ առկա է երկու երկրների նախագահների միջեւ:
Հանդիպման ժամանակ Նիկոլայ Ռիժկովը հակիրճ ներկայացրել է հանձնաժողովի գործունեությունը, որի 20-ամյակը լրանում է հաջորդ տարեսկզբին: Երկկողմ հարաբերությունների զարգացման գործում նա կարեւորել է նաեւ երկու երկրների տարածաշրջանների միջեւ ընդլայնվող համագործակցությունը եւ նշել, որ այն խորհրդարանականների կողմից եւս խթանելու նպատակով հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսվում է անցկացնել ՌԴ տարածաշրջաններից մեկում: Միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահը հավաստիարել է, որ նման մոտեցումը կդառնա պարբերական:






























