Այսօր՝ դեկտեմբերի 16-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) նիստում հրապարակվեց հեռարձակման մրցույթների արդյունքները:

Ըստ այդմ, «Ա1+»-ը կրկին եթեր վերադառնալու հնարավորություն չստացավ:

Թիվ 11 մրցույթում «Ա1+»-ի եւ «Արմնյուզի» միջեւ կայացած մրցույթում «Արմնյուզի» ներկայացրած փաթեթը հավաքեց 44 միավոր, իսկ «Ա1+»-ն՝ ընդամենը 2 միավոր: Հատկանշական է, որ Հանձնաժողովի 8 անդամներից 7-ը «Ա1+»-ի ներկայացրած փաթեթին 0 միավորներ նշանակեցին եւ միայն «Մեդիամաքսի» տնօրեն Արա Թադեւոսյանը 2 միավոր նշանակեց «Ա1+»-ին: Նա 2 միավոր էր տվել նաեւ «Արմնյուզին»:

Եթերազրկվեց նաեւ Տիգրան Կարապետյանի «ԱԼՄ» հեռուստաընկերությունը: Թիվ 8 մրցույթում «ԱԼՄ»-ի մրցակիցը «Երեւան» հեռուստաընկերությունն էր: Մրցույթի արդյունքում «ԱԼՄ»-ն հավաքեց 32, իսկ «Երեւանը» 40 միավոր: Այս արդյունքների հրապարակումից հետո Տիգրան Կարապետյանը աղմուկով լքեց դահլիճը:

Հիշեցնենք, որ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կազմում են Գրիգոր Ամալյանը, Ժիրայր Դադասյանը, Սիմավոն Անդրեասյանը, Արմեն Մկրտչյանը, Արա Թադեւոսյանը, Արամ Մելքոնյանը, Հայկ Քոթանյանը եւ Կորյուն Առաքելյանը:

Նշենք, որ բացի վերը նշված 2 մրցույթներից, մնացած 16 մրցույթներում հայտ են ներկայացրել մեկական հեռուստաընկերություններ: