Ամերիկայի Միացյալ Նահանգների Հայոց Արեւմտյան Թեմի առաջնորդանիստ կենտրոնում նոյեմբերի 3-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության (ԱՀԱԸ) Հոգաբարձուների Խորհրդի, Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհրդի, Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական Եկեղեցիների Միության, Հայկազյան Համալսարանի Հոգաբարձուների Խորհրդի ներկայացուցիչներին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից NEWS.am-ին հայտնում են, որ վերջիններս խորին երախտագիտություն հայտնեցին Նորին Սրբությանը՝ ԱՄՆ Հայոց Արեւմտյան Թեմ կատարած Հովվապետական այցին ընթացքին առանձին հանդիպման հնարավորության համար, ներկայացնելով Հայ Ավետարանական Եկեղեցու եւ ԱՀԱԸ գործունեությունը:

Նրանք գոհունակությամբ անդրադարձան Մայր Եկեղեցու հետ գործակցությանը եւ ապագայի համար պատրաստակամություն հայտնեցին առավել ջանքեր ներդնել աշխարհասփյուռ հայության կյանքում հոգեւոր միության հասնելու համար` արձագանքելով մեկ լինելու Տիրոջ պատգամին:

Վեհափառ Հայրապետը գոհունակություն հայտնեց հանդիպման համար եւ իր օրհնության ու գնահատանաց խոսքն ուղղեց Հայ Ավետարանական եկեղեցու ներկայացուցիչներին: Նորին Սրբությունը հատկապես ընդգծեց վերջին շրջանում Հայ Ավետարանական եկեղեցու պատասխանատուների կողմից Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հետ միության մեջ գործելու պատրաստակամ ոգին, որով հնարավոր է ամրապնդել համազգային միասնականությունը, վերականգնել հոգեւոր կյանքի միությունը:

Խոսքը եզրափակելով՝ Հայոց Հայրապետը հույս հայտնեց, որ Հայ Ավետարանական Եկեղեցին նոր արդյունքներով ու ձեռքբերումներով պիտի շարունակի համալրել բարեսիրական իր ծառայությունները՝ հանուն Հայրենիքի զորացման եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդի բարօրության: