Երբ ՅՈւՆԵՍԿՕ-ն հայկական խաչքարերը դասեց համաշխարհային ոչ նյութական արժեքների շարքին, Ադրբեջանը հիստերիայի հերթական ալիքը բարձրացրեց` պնդելով որ հայերի կողմից ներկայացված խաչքարերը ոչ թե հայերինն է, այլ ուտի կոչվող ժողովրդին են պատկանում:
«Այո, խաչքարերը նաեւ ուտիներին են պատկանում, իսկ նրանք հայկական մշակույթ ներծծած ազգ են»,-ադրբեջանական պնդումների շուրջ այսօր` դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ պարզաբանումներ արեց հուշարձանագետ Սամվել Կարապետյանը: Նրա ներկայացմամբ` ուտիները, հայերից բացի, աշխարհում միակ ժողովուրդն են, ովքեր ստեղծել են խաչքարեր: Նրանք հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են, ովքեր ժամանակին իրենց հայ են ճանաչել, հայկական դպրոցներ հաճախել, խոսել հայերեն եւ ապրել հայկական կենցաղով:
Ըստ Ս. Կարապետյանի` ուտիների խաչքարերը նույն հայկական զարդաքանդակներով եւ նախշերով են զարդարված. դրանց միակ տարբերությունը հայկականից` օտար անձնանուններով նշումներն են`Բաճան, Ղափարնուղ եւ այլն:
«Անարդար է, որ չենք ճանաչում հայերին բարեկամ այս ազգին` մինչդեռ հայերի համար նշանակալի դեմքերից է եղել նրանց ներկայացուցիչ Մովսես Սիլիկիյանը եւ այլ երեւել անձինք»,- նշեց հուշարձանագետը` շարունակելով, որ 1989-ին Ադրբեջանից վտարվելով` ուտիները Հայաստան են տեղափոխվել, սակայն այստեղ նրանց տեղ չի տրվել, եւ նրանք հաստատվել են Վրաստանում եւ այլ վայրերում:
«Իսկ Ադրբեջանի պնդումները թյուր են այնքանով, որ նրանց խաչքարերը հայկական մշակույթի դրսեւորումներ են»,-ընդգծեց նա:




























