2018 թվականի բյուջեի նախագծով նախատեսվում է Առողջապահության նախարարությանը տրամադրել 80.1 մլրդ դրամ, որը բացարձակ թվով շուրջ 5.8 մլրդ դրամով ավելի պակաս է 2017-ի ցուցանիշից: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 6-ին, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ նշել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Ատոմ Ջանջուղազյանը։
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը հետաքրքրվեց, թե արդյոք նման կրճատումը չի՞ նշանակում, որ Կառավարությանը չի հետաքրքրում ժողովրդի առողջական վիճակը. «Պետական պատվերի փաթեթը կրճատելով` մեր ազգաբնակչության առողջությունը կբարելավե՞ք»,-ընդգծեց պատգամավորը, ինչին ի պատասխան Ատոմ Ջանջուղազյանը վստահեցրեց, որ կառավարությանը հետաքրքրում է ժողովրդի վիճակը: Նրա խոսքով, շահառուներին մատուցվող ծառայություները չեն վատթարացվի, ճիշտ հակառակը՝ փոքր բյուջեով հնարավոր է մեծ հաջողությունների հասնել:
Այս տեսակետի հետ չհամաձայնեց ԱԺ առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանը՝ նշելով, որ նման կրճատումը տրամաբանված չէ. «Առողջապահության ոլորտում լուծում պահանջող այնքան խնդիր կա, որ լուծելու համար բյուջեն չպետք է կրճատվի։ «Ոլորտում այնքան խնդիրներ ունենք լուծելու, որ 5 մլրդ կրճատելը գոնե տրամաբանորեն ճիշտ չէ», - ասաց Հակոբ Հակոբյանը։
Ատոմ Ջանջուղազյանն էլ արձագանքեց, որ բոլոր ոլորտներում էլ ավելի շատ հատկացումների կարիք կա, քան տրամադրվում է. «Ցանկացած ոլորտի պարագայում կարիքն ավելի մեծ է, քան հնարավորությունները, որոնք հատկացվում են այդ կարիքները բավարարելու համար»:



























