Շատ արտադրող ընկերություններ ահռելի գումարներ են ծախսում թափոններից ազատվելու համար, սակայն այս թափոնները կարելի է օգտագործել այլընտրանքային վառելիքի՝ բիոջրածնի արտադության մեջ: Այն 3-4 անգամ արդյունավետ է այսօր օգտագործվող վառելիքի այլ տեսակներից, որի զանգվածային արտադրությունը Հայաստանում կարող է երկրին մեծ օգուտ բերել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց կենսաբանական գիտությունների դոկտոր Կարեն Թռչունյանը:

Գիտնականը նշեց, որ Երկրագնդի բնակչության թիվն աճում է, իսկ դրա հետ մեկտեղ՝ նաեւ վառելանյութը պահանջարկը: Միեւնույն ժամանակ, ածխաջրածինների պաշարները սահմանափակ են: Այս պատճառով չափազանց կարեւոր է այլընտրանքային վառելիք գտնելը: Դա հատկապես կարեւոր է այնպիսի երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, որը սեփական ածխաջրածինների պաշարներ չունի:

Բիոջրածինը բիովառելիքի տարատեսակ է, որի օգտագործման դեպքում 3 անգամ ավելի շատ էներգիա է արտադրվում, քան գազ կամ նավթ օգտագործելիս: Ավելին՝ բիաջրածինը շրջակա միջավայրի համար էկոլոգիապես ավելի մաքուր եւ անվտանգ վառելիք է համարվում:

Այն կարելի է ստանալ արդյունաբերական եւ գյուղատնտեսական թափոններից՝ հատուկ մանրէների օգտագործմամբ, որոնք կենսաքիմիական պրոցեսում ջրածին են արտադրում: Մասնագետի պարզաբանմամբ՝ օրինակ, ալկոհոլային խմիչքների արտադրության ժամանակ մեծ քանակությամբ թափոններ են մնում, որոնք, ըստ էության, կարող են բիոջրածնի հումք դառնալ: Ավելին՝ հիմա գիտնականները փորձում են այն ստանալ կաթի արտադրության թափոններից:

Այսօրվա դրությամբ 1 կգ բիոջրածինն արժե 2,6 դոլար: Սակայն հայ գիտնականները լաբորատոր պայմաններում հաշվարկել են, որ կարող են արտադրել ընդամենը 1,5 դոլարով: Գիտնականի խոսքով՝ այս վառելանյութի ավելի ցածր ինքնարժեքի կարելի է հասնել մանրէների ճիշտ օգտագործմամբ: Դրանից զատ, թափոնների որակով հումքի օգտագործումը նույնպես նվազեցնում է պատրաստի արտադրանքի ինքնարժեքը:

Գիտնականի խոսքով՝ մոտ ապագայում ֆինանսավորման առկայությամբ երկրում հնարավոր կլինի սկսել բիոջրածնի արտադրությունը, եթե ալֆա նախատիպից թեստավորումներն անցնեն բետա նախատիպին եւ ավելի ծավալուն փորձարկումներին:

Կարեն Թռչունյանը նշեց, որ Toyota, Honda եւ Hyundai ընկերություններն արդեն սկսել են ավտոմեքենաներ արտադրել, որոնք ջրածնով են աշխատում: Իսկ 2020 թվականին նաեւ BMW-ն է ծրագրել սկսել այսպիսի մեքնաների զանգվածային արտադրությունը: Ավելին՝ շատ երկրներում արդեն կան ջրածնային վառելիքի լցակայաններ, այս պատճառով Հայաստանում հենց այս ուղղությունն է միանգամայն հեռանկարային համարվում: