Ինդիանայի նահանգապետ Էրիկ Ջ․ Հոլքոմբը հանդես է եկել հայտարարությամբ, որը դատապարտում է 1915 թ․ Օսմանյան կայսրությունում երեք միլիոն հայերի, հույների, ասորիների ու սիրիացիների սպանությունը։

Այսպիսով Ինդիանան դարձել է ԱՄՆ 48-րդ նահանգը, որը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, հայտնում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի Արեւելյան թեւը։ 

Նահանգապետ Հոլքոմբը նաեւ նոյեմբերի 6-12 շաբաթը «Հայաստանի շաբաթ» է հայտարարել։

Նահանգի հայկական համայնքի ներկայացուցիչները ողջունել են նահանգապետի այդ քայլը՝ նշելով, որ այդ հայտարարությունը հիշեցում է ոչ միայն Ինդիանայի քաղաքացիների, այլեւ Թուրքիայի կառավարության համար, որը շարունակում է ժխտել ցեղասպանությունը ու արդեն ավելի քան մեկ դար փորձում է «պատանդ պահել ճշմարտությունը»։

Փաստաթղթում ասվում է 20 եւ 21-րդ դարերում ցեղասպանությունների հաջորդական ցիկլի մասին, մասնավորապես հիշատակվում է Մերձավոր արեւելքի քրիստոնյաների, եզդիների ու այլ փոքրամասնությունների դեմ ԻՊ-ի ցեղասպանությունը։ Վերջում ասվում է, որ ճանաչելով ու մշտապես հիշելով Հայոց ցեղասպանության, Հոլոքոսթի ու այլ հանցագործությունների մասին՝ «մենք օգնում ենք պաշտպանել պատմական հիշողությունը, այնպես անել, որ նման վայրագություններն այլեւս չկրկնվեն»։