Երեւանի պետհամալսարանի գլխավոր շենքի դիմաց այսօր՝ նոյեմբերի 7-ի առավոտից ուսանողները հավաքվել են եւ բողոքի ակցիա են իրականացնում՝ դասադուլի կոչով:
Ուսանողները բողոքում են տարկետման իրավունքի վերացման դեմ, որը նախատեսվում է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի նախագծով, որն ընդունվել է առաջին ընթերցմամբ:
Ուսանողները շրջել են ԵՊՀ բոլոր ֆակուլտետներում և դասադուլի կոչով դիմել բոլոր այն ուսանողներին, ովքեր կիսում են իրենց մտավախությունը՝ կապված օրենքի փոփոխության հետ:
Համալսարանի անվտանգության աշխատակիցները փակել են շենքի դռները եւ թույլ չեն տալիս ներսում գտնվողներին դուրս գալ: Ուսանողները պահանջում են բացել համալսարանի դռները և թույլ տալ ուսանողներին միանալ իրենց ակցիային: Նրանք վանկարկում են «դասադուլ-դասադուլ»:
ԵՊՀ շենքից դուրս եկավ Աշխարհագրության եւ երկրապահության ֆակուլտետի դեկան Գրիգորյանը, ով նախ հանձնարարեց բաց թողնել դուռը եւ թույլ տալ ուսանողներին դուրս գալ: նա ընդգծեց, որ տարկետման իրավունքը սոցիալական արդարության խախտում է, բոլորը պետք է ծառայեն բանակում. Գրիգորյանի խոսքով, իր բոլոր ուսուցիչները, դասախոսները կռվել են պատերազմում, վերադարձել են, դարձել են գիտնականներ, պրոֆեսորներ. «Գիտությամբ զբաղվող մարդուն ծառայությունը չի խանգարում, ավելին՝ կոփում է մարդուն: Որոշ ուժե փորձում են այս վիճակը քաղաքականացնել, ստեղծել ըմբոստ վիճակ»:
Նշենք, որ հիշյալ օրենքի նախագծով տարկետում է տրվում միայն այն ուսանողներին, որոնք ՊՆ-ի հետ կկնքեն պայմանագիր, ըստ որի բուհն ավարտելուց հետո պետք է ծառայեն ոչ թե 2, այլ 3 տարի ժամկետով, բայց որպես սպա:
































