Հայաստանը, որպես անկախ միջազգային սուբյեկտ, կարող է իր հարաբերությունները զարգացնել աշխարհի բոլոր երկրների հետ: Այս մասին նոյեմբերի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԳ նախկին փոխնախարար, արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ԱԳ նախարարի այցն Իսրայել չի՞ հարուցի Իրանի դժգոհությունը:

Նրա խոսքով՝ Հայաստանը պարտավոր է այսպես վարվել, քանի որ դա բխում է իր ազգային շահերից:

«Իսրայելը տարածաշրջանային հիմնական խաղացողներից մեկն է: Հարաբերությունների զարգացումը եւ խորացումը կարող է պարզապես օգտակար լինել մեր շահերի համար, ինչպես, ի դեպ, նաեւ Իսրայելի համար»,- պարզաբանեց Նավասարդյանը՝ հավելելով, որ Իսրայելը հարաբերություններ ունի Հայաստանի հարեւանների հետ, բայց ոչ իր՝ Հայաստանի հետ: