Twitter-ը մեկ հաղորդագրության թույլատրելի ծավալը մեծացնում է մինչեւ 280 նիշ: Այս մասին հայտնել է Twitter-ի հիմնադիրներից մեկը՝ Բիզ Սթոունը, հայտնում է Lenta-ն: 

Տեղեկությունը հայտնվել է նաեւ Twitter-ի բլոգում: Հաղորդագրության մեջ հիշեցրել են, որ դեռեւս սեպտեմբերին են սկսել թեստավորել ավելի ծավալուն հաղորդագրություններ գրառելու հնարավորությունը: Թեստավորման սկզբում օգտատերերը հաղորդագրությունների մեջ նիշերի թիվը հասցնում էին մինչեւ առավելուգույնի, քանի որ դա նրանց համար նորություն էր, սակայն հետո իրավիճակը կարգավորվել է, հայտնել են մշակողները:

«Մենք տեսանք, որ մարդիկ, որոնք պետք է հաղորդագրության մեջ 140 նիշից ավելին օգտագործեին, ավելի թեթեւ եւ հաճախ են թվիթել»,- շեշտել են ծառայության հիմնադիրները: Բիզ Սթոունը նշել է, որ սեպտեմբերին 280 նիշերին հասանելիություն ստացած օգտատերերը ավելի շատ լայքեր, ռեթվիթներ եւ հիշատակումներ են ստացել:

Twitter-ի մշակողները հավելել են, որ ճապոներեն, կորեերեն եւ չինարեն հաղորդագրությունները նախկինի պես առավելագույնը 140 նիշ կունենան: Նրանք իրենց որոշումը բացատրել են այն հանգամանքով, որ այս լեզուները թույլ են տալիս միտքն արտահայտել նիշերի փոքր թվով: