«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները ՀՀ պաշտպանության նախարարությունում նոյեմբերի 7-ին տեղի ունեցած հանդիպմանը չեն գնացել, քանի որ նախարարությունից հանդիպման ձեւաչափի վերաբերյալ հստակ պատասխան չեն ստացել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԵՊՀ-ի դիմաց դասադուլ անող ուսանողների հավաքի ժամանակ հայտարարեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:
«Մեզ ի սկզբանե ասել էին, որ միայն ուսխորհրդի ներկայացուցիչներն են հրավիրվելու, հետո իմացանք, որ ապրիլյան պատերազի մասնակից տղաներին էլ են հրավիրել: Հիմա երեկ այս խնդիրը բարձրաձայնել ենք, դասադուլ ենք հայտարարել, բայց պաշտպանության նախարարությունից զանգել մեզ ասում են՝ հանդիպմանն ուզում եք եկեք, ուզում եք մի եկեք»,-ասաց նա:
Դավիթ Պետրոսյանը նաեւ նշեց, որ բացի այդ հանդիպմանը ԶԼՄ ներկայացուցիչներ չեն հրավիրվել, հրավիրված է եղել միայն մի քանի հեռուստատեսություն. «Ուղիղ եթեր չէր ապահովվելու, այդ ձեւաչափով մենք չենք ուզում մասնակցել քննարկմանը, բայց մեր հրավերը մնում է ուժի մեջ»:
Նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:



























