Թուրքիայում առաջին անգամ վարչապետը մասնակցել է շիաների «Աշուրա» արարողությանը, որը նվիրված է 1372 տարի առաջ իմամ Հուսեյնի նահատակմանը։

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիայի շիաների՝ ջաֆերիների առաջնորդ Սելահաթին Օզգյունդուզի հետ  մասնակցել է Ստամբուլի Հալքալը թաղամասում ամեն տարի իրականցվող արարողությանը։

Ջաֆերիների առաջնորդն իր ելույթում անդրադարձել է նաեւ թուրք-ադրբեջանական հարաբերություններում նկատվող սառնությանը՝ կապելով այն ստորագրված հայ-թուրքական արձանագրություններին։ «Ինչպես ասել է հանգուցյալ Հեյդար Ալիեւը, մենք մեկ ազգ, երկու պետություն ենք։ Պարոն վարչապետն ասել է, որ առանց Ղարաբաղի խնդրի կարգավորման, արձանագրությունները չեն կիրառվի։ Ես դրան հավատում եմ»,-ասել է ջաֆերիների առաջնորդը։

Նշենք, որ ադրբեջանցիների ճնշող մեծամասնությունը շիաներ են։