ՀՀ-ում գիտական աստիճան ստացողների միայն 12-15 տոկոսն է մնացել գիտության ոլորտում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, տարկետման իրավունքը հանելու դեմ բողոքող ուսանողների հետ հանդիպման ժամանակ նշել է հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը:
«Նախ պետք է սկսենք սկզբունքից, որ հայրենիքի հանդեպ պարտականությունը բոլորի համար է: Բացի այդ, «Պատիվ ունեմ» ծրագիրը թույլ է տալիս օգտվել տարկետման իրավունքից: Հաջորդը, արդյոք ասպիրանտական կրթությունը պարտադիր շարունակելի կրթությո՞ւն է: Աշխարհում ասպիրանտական կրթությունը շարունակում է սովորողների միայն 10-12 տոկոսը»,-ասաց նախարարը:
Նրա խոսքով, Հայաստանում գիտական աստիճան ստացողների միայն 12-15 տոկոսն է մնացել գիտության ոլորտում. «Սա ոչ մի միջազգային չափանիշի մեջ չի տեղավորվում: Սա նշանակում է, որ այստեղ կոռուպցիոն ռիսկեր կան: Մյուս մեծ ռիսկը սոցիալական արդարությունն է: Նույն կուրսում կես միավոի տարբերությամբ մեկին տարկետում է տրվում, մյուսին՝ ոչ. այստեղ սոցիալական արդարության հարց կա։ Հիմա այն երիտասարդները, որոնք խրամատներում են, նրանք էլ կարող են գիտնական դառնալ»:
Ի պատասխան «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը նշեց. «Մենք վստահ չենք, որ այս օրինագծի ընդունմամբ լուծվելու է սոցիալական արդարության խնդիրը: Կան շատ այլ ոլորտներ, որոնք օգտագործվում են բանակից խուսափելու համար: Քանի դեռ այդ ոլորտներում չի հաստատվել կարգուկանոն, փոփոխություն կատարել տարկետման հարցում այնքան էլ տրամաբանական չէ: Եթե կրթության ոլորտում կա կոռուպցիայի խնդիր, ինչո՞ւ դա չի լուծվում ոլորտի ներսում, այլ փոխվում է տարկետման համակարգը: Ասում եք, որ մարդիկ խուսափում են բանակից գիտությամբ զբաղվելու անվան տակ: Դա այդպես է, բայց այդ մարդկանց կողքին կան նաեւ այլ մարդիկ, որոնք իսկապես զբաղվում են գիտությամբ եւ նրանց իրավունքներն այստեղ հաշվի չի առնվում»: Դավիթ Պետրոսյանի խոսքով, այս օրինագիծը չի վերաբերում միայն 18 տարին լրացողներին, այլ տարածվում է նաեւ այն ուսանողների վրա, որոնք արդեն ընդունվել են բուհ, ունեն որոշակի պլաններ ու հիմա կանգնում են փաստի առջեւ:
Նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:
Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա:



























