Չինաստանի նախագահն իր կնոջ՝ Պեն Լիյուանի հետ Գուգուն  (Արգելված քաղաք) թանգարանային համալիրում հանդիպել է պետական այցով Չինաստան ժամանած ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփի եւ նրա կնոջ՝ Մելանյայի հետ, փոխանցում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը։

Երկու երկրների առաջնորդներն իրենց կանանց հետ ոչ ֆորմալ զրույց են ունեցել թեյի շուրջ Արգելված քաղաքի դահլիճներից  մեկում։

ՉԺՀ նախագահը ջերմորեն ողջունել է ԱՄՆ նախագահին եւ շնորհակալություն հայտնել այս տարվա ապրիլին Թրամփի՝ Ֆլորիդայում գտնվող  «Մար ա Լագո»  կալվածք այցելության ժամանակ իրեն ցուցաբերած ջերմ ընդունելության համար։

Իր հերթին Չինաստանի նախագահին եւ նրա կնոջը  Թրամփը ներկայացրել է  իր հնգամյա թոռնուհու՝ չինարեն լեզվով երգերի ու բանաստեղծությունների կատարման տեսանյութը։ Սի Ցզինպինը նշել է, որ Արաբելան Չինաստանում արդեն  «փոքրիկ աստղ» է։

Թրամփի հնգամյա թոռնուհին, ով նրա դստեր՝ Իվանկա Թրամփի եւ Ջարեդ Քուշների դուստրն է, Չինաստանի առաջնորդին ու նրա կնոջը ցուցադրել է չինարենի իր իմացությունը «Մար ա Լագո» կալվածք նրանց այցի ժամանակ։ Այդ ժամանակ նա նաեւ չինարենով երգ է կատարել։

Թրամփի այցը Չինաստան կշարունակվի մինչ նոյեմբերի 10-ը։ Ակնկալվում է, որ բանակցությունների հիմնական թեմաները կլինեն  Կորեական թերակղզու խնդիրն ու երկկողմ առեւտուրը։

Արգելված քաղաքը չինացի կայսրերի լայնատարած պալատական համալիր է, որը տեղակայված է Պեկինի կենտրոնում։