Կատալոնիայում զանգվածային գործադուլ է ընթանում, փակ են որոշ ճանապարհներ։ Գործադուլի կազմակերպիչներն են Intersindical-CSC–ը։ Թեպետ գործադուլի պաշտոնական պատճառը աշխատանքային իրավունքների ընդլայնումն է, կուսակցություններն իրենց կողմնակիցներին կոչ են արել փողոց դուրս գալ՝ ի պաշտպանություն ձերբակալված կատալոնցի քաղաքական գործիչների, հայտնում է El Pais–ը։

 

Ակտիվիստների խումբը արգելափակել է ճանապարհները, Բարսելոնում փակ է 39 ճանապարհ։ Մետրոն եւ ավտոբուսներն աշխատում են սովորական ռեժիմով, քաղաքային իշխանությունները հրաժարվել են միանալ գործադուլին։ Ցուցարարները նաեւ կաթվածահար են արել գնացքների շարժը, մասնավորապես դեպի Ժիրոնա։

Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին 70 կողմ, 10 դեմ եւ 2 ձեռնպահ ձայնով կողմ էր քվեարկել Իսպանիայից անկախանալուն։

Իսպանիայի Սենատն իր հերթին քվեարկել էր Սահմանադրության 155-րդ հոդվածը կիրառելու օգտին, որը կասեցնում է Կատալոնիայի ինքնիշխանությունը։ Նույն օրը Իսպանիայի վարչապետը ցրել էր Կատալոնիայի խորհրդարանը եւ նոր ընտրություններ նշանակել։

Իսպանիայի կառավարության պաշտոնական թերթում հաղորդումից հետո Կատալոնիայի կառավարումն անցել է Մադրիդին։