Ես կողմ եմ, որ ծեծեն էն բժշկին, որ հիվանդին վիրահատարանում թողած՝ գնում կողքի սենյակում սուրճի բաժակ ա նայում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշել է «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը: Նշենք, որ այս օրինագծով առաջարկվում է բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար, որը կատարվել է, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատիժ սահմանել նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով, իսկ նույն արարքը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգա¬վոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:

Հիմնական զեկուցող ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանը նշեց, որ առաջարկը նպատակ ունի պաշտպանել բժիշկներին անհարկի խոշտանգումներից և աշխատանքը կատարելուն խանգարող խոչընդոտները վերացնելուց:

«Վերջերս շատ դեպքեր են գրանցվում, երբ բժշկի աշխատանքը խոչընդոտվում է բռնությամբ: Ցավոք սրտի, նաև ծեծի պատճառով մահվան դեպք է գրանցվել, որից հետո որոշեցինք այս նախագիծն իրականացնել: Շտապօգնության մեքենան ուշ է գալիս, ծեծում են ուշանալու համար: Էդ ընթացքում մարդը չի կարողանում բուժօգնություն ցույց տալ, էլ չասեմ, որ ուշանալու համար մեղավորը բժիշկը չէ», - նշեց Կարեն Ավագյանը:

 «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն իր խոսքում նշեց. «Տպավորություն է, որ ես բժշկական աշխարհի հետ լուրջ խնդիրներ ունեմ, ու վաղը եթե գրիպ ընկնեմ, դիմեմ բժշկի, ինձ էն աշխարհ կուղարկեն: Բայց ես կողմ եմ, որ ծեծեն էն բժշկին, որ հիվանդին վիրահատարանում թողած՝ գնում կողքի սենյակում սուրճի բաժակ է նայում, որ տեսնի, թե երբ է ամուսնանում»:

Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը հորդորել է պատգամավորին նման արտահայտություններ չանել, իսկ եթե իրականում կա նման բժիշկ, անուն-ազգանունը տալ:

Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն էլ ընդգծեց, որ եթե բժիշկը սխալ է արել, դա չի նշանակում, որ հիվանդի հարազատները պետք է ինքնադատաստանի ենթարկեն բժշկին, քանի որ գործող օրենսդրությամբ բժշկի սխալի համար ևս նախատեսվում է պատիժ:

Ի վերջո, օրինագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ առաջիկա նիստերի օրակարգ: