Մի ժամանակ բժշկին ծեծելը համարվում էր սպորտաձեւ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 8-ին, ԱԺ պետաիրավական եւ մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զենյալյանը:
Նշենք, որ այս օրինագծով առաջարկվում է բուժաշխատողների մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար, որը կատարվել է, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով, պատիժ սահմանել նվազագույն աշխատավարձի երեք հարյուրապատիկից հինգ հարյուրապատիկի չափով, իսկ նույն արարքը, որը կատարվել է կյանքի կամ առողջության համար վտանգա¬վոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով՝ պատժվում է կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
«Կարելի է քննարկել պատժաչափի հարցը, բայց կարեւոր է պաշտպանել բժիշկներին այն ոտնձգություններից, որ հաճախ տեղի են ունենում: Կարեւոր եմ համարում այս օրենքի ընդունումը»,- ասաց Զեյնալյանը՝ հավելելով, որ թեեւ վիճակագրություն չկա, թե քանի բժիշկ է բռնության ենթարկվում, բայց բազմաթիվ նման դեպքեր են եղել:
Հանձնաժողովի նախագահ Հրայր Թովմասյանն էլ նկատեց, որ կանխելով նման բռնությունը ոչ միայն բժշկի անվտանգության խնդիրն է լուծվում, այլեւ հիվանդի, քանի որ եթե բժշկի նկատմամբ բռնություն է իրականացվում, տուժում է նաեւ հիվանդը:
Օրինագիծը ներկայացող Կարեն Ավագյանն էլ ասաց, որ եթե բժիշկն իր գործունեություն արդյունքում սխալ է արել, պետք է ենթարկվի հստակ քրեական պատասխանատվության, սակայն չի կարելի նրա նկատմամբ բռնություն կիրառել:
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը սակայն հակառակ փաստարկը բերեց՝ նշելով, որ կարելի է ականատես լինել, որ օրինակ մեկը վերակենդանացման բաժին է մտել ու բժիշկին քաշքելով հանում է սենյակից ու ասում. «գնա իմ հիվանդին տիրություն արա»:
Ի վերջո, օրինագիծը դրական եզրակացությամբ ընդգրկվեց ԱԺ առաջիկա նիստերի օրակարգ:



























