Հայաստանի ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը համաձայն չէ տարկետման իրավունքը հանելու դեմ պայքարող ուսանողների հետ, թե «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքն ընդունելուց հետո ուսանողների թվի նվազման խնդիր կառաջանա: «Մենք յուրաքանչյուր տարի տարկետում ենք տրամադրում  500-600 հոգու, իսկ սա այն թիվը չէ, որի վրա հենվելով կարող ենք ասել, որ  տղաները բնագիտական ուղղվածություն ունեցող ֆակուլտետներում շատ կլինեն, կամ քիչ: Բաշխվածությունն այս առումով  հավասարաչափ է»,-այսօր՝ նոյեմբերի 8-ին, դասադուլավոր ուսանողների հետ հանդիպման ժամանակ ասաց նախարարը:

Նա չժխտեց, որ բարձրագույն կրթության ոլորտում կան խնդիրներ: Անդրադառնալով գիտության ոլորտին` Լեւոն Մկրտչյանը նշեց, որ գիտության խնդիրը ոչ թե ավելի շատ տարկետումով է պայմանավորված, այլ պայմանավորված է գիտությունը երիտասարդի համար մոտիվացնելով. «Կարող ենք երեք այսպիսի դահլիճ լցնել մարդկանցով, ովքեր թեկնածուական ունեն, բայց բացարձակ մոտ չեն գիտությանը: Մեղավորությունը, պատասխանատվությունը ունե՞նք, իհարկե ունենք, բայց դրա համար կառուցվածքային փոփոխություններ պետք է անենք»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ դասադուլի մեջ իմաստ չի տեսնում:

Բանասեր ուսանողներից մեկի դիտարկմանը, որ այս օրենքով ինքը 4 տարի սովորելուց հետո չի կարողանալու մագիստրատուրա գնալ, քանի որ մեկնելու է բանակ եւ կորցնելու է իր մասնագիտական շատ ունակություններ, նախարարը հակադարձց. «Ես չեմ պատկերացնում, ի՞նչ ընդհատում պետք է ունենալ բակալավրից մագիստրատուրայի ճանապարհին, որ հետո հնարավորություն չտա գրականությամբ զբաղվելու: Ինչի՞ց դուք պետք է հետ մնաք»:

Նախարարի հետ հանդիպումից հետո ուսանողները հայտարարեց, որ շարունակելու են դասադուլը, քանի որ իրենց պահանջները հաշվի չեն առնվել:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները դասադուլով պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:
Մասնավորապես, տարկետման իրավունք կստանան միայն այն ուսանողները, որոնք պայմանագիր կկնքեն ՊՆ-ի հետ, որով կպարտավորվեն, որ ուսումն ավարտելուց հետո կծառայեն արդեն ոչ թե 2, այլ երեք տարի, բայց որպես սպա: