Դեկտեմբերի 16-ին Գարեգին Բ Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում Լատվիայի դեսպան Գինց Ապալսին: Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ Գարեգին Բ-ն արդյունավետ աշխատանք է մաղթել դեսպանին՝ երկու ժողովուրդների հարաբերությունների սերտացման գործում:

«Մեր ժողովուրդները թեեւ տարածքային առումով բավականին հեռու են, սակայն, լինելով հավատակից ժողովուրդներ եւ սնվելով քրիստոնեական մշակույթի նույն ակունքներից` ավելի են մերձենում եւ ամրանում բարեկամության մեջ»,- նշել է նա:

Կաթողիկոսը անդրադարձել է այն մտահոգություններին, որոնք ծառացած են ոչ միայն պետության, այլեւ եկեղեցու առջեւ բարոյական արժեքների պահպանման եւ ժողովրդի մեջ տարածման հարցում:

Հանդիպման ավարտից հետո դեսպանն այցելել է Մայր Աթոռի թանգարաններ եւ ծանոթացել հայ ժողովրդի հոգեւոր-մշակութային  հարստություններին: