Մի խումբ հայ գիտնականներ ստեղծել են ծրագիր, որը հնարավորություն է տալիս սենսորների միջոցով գրանցել ցանկացած ցնցում։ Այս ծրագիրը  հատկապես կիրառելի է ռազմական ոլորտում, քանի որ հնարավորություն է տալիս մոտ 300 կմ շառավղով ճշգրիտ տվյալներ ստանալ թշնամու կողմից մոտեցող ծանր տեխնիկայի, իսկ ավելի մոտ հեռավորությունից՝ նաեւ մոտեցող մարդու մասին։ Տեխնոլոգիան մշակել են Երեւանի պետական համալսարանի եւ Աշտարակի ֆիզիկայի հետազոտական ինստիտուտի մի խումբ գիտնականներ, որոնք հանդիսանւմ են նորաստեղծ PSI ընկերության  անդամներ։

NEWS.am-  Ինովացիայի թղթակցի հետ զրույցում PSI ընկերության տնօրենի օգնական Վարդան Գեւորգյանն ասաց, որ ծրագիրը ստեղծված է լուրջ գիտական հիմքի վրա։ Ծրագիրը երկու տարի անընդմեջ Համաշխարհային անվտանգության համակարգերի մրցույթում մրցանակի է արժանացել։
«Ամեն տարի մրցույթին մասնակցում են մոտ 1200 ընկերություններ աշխարհի տարբեր երկրներից իրենց տեխնոլոգիաներով, սակայն երկու տարի հաջորդաբար այս տեխնոլոգիան հայտնվել է 5-6 լավագույնների մեջ»,- ասաց Վ. Գեւորգյանը։  Հայ գիտնականների մշակած տեխնոլոգիայով սկսել են հետաքրքրվել մի շարք երկրներ եւ ընկերություններ։ Սինգապուրյան խոշոր ինովացիոն մի ընկերության ներկայացուցիչներ 2 անգամ այցելել են Հայաստան եւ փորձարկել նոր սարքը, իսկ այնուհետեւ առաջարկել Սինգապուրում արտադրություն սկսել՝ հայ գիտնականներին որոշ տոկոսներ վճարելով:

Սակայն հայ գիտնականները մերժել են այդ առաջարկը, քանի որ Հայաստանն այդ դեպքում հսկայական շահույթներ կկորցնի:

Վ. Գեւորգյանի խոսքով՝ տեխնոլոգիան ներկայացվել է նաեւ Հայաստանի պաշտպանության նախարարությանը, փորձարկում է անցել եւ հավանության արժանացել։ Սակայն ծրագիրը դեռեւս կյանքի չի կոչվել, քանի որ պաշտպանության նախարարությունը, ըստ Վ. Գեւորգյանի, ինովացիոն ծրագրեր չի ֆինանսավորում։ Ծրագիրը ներկայացվել է նաեւ էկոնոմիկայի նախարարություն, արժանացել է դրական գնահատականի, սակայն կես տարի է՝ ոչ մի ֆիանանսավորման մասին դեռ խոսք չկա։ Ընդսմին՝ խոսք է գնում ընդամենը 30 հազ. դոլարի մասին, որպեսզի նոր տեխնոլոգիան փորձարկվի Լեռնային Ղարաբաղում։