Հայաստանը մեզ համար համագործակցության օրինակ է։ Այս մասին նոյեմբերի 9-ին՝ Երեւանում կայացած ճեպազրույցի ժամանակ, ասել է Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը։

Ելույթի սկզբում ուրախություն հայտնելով այն առթիվ, որ ինքը դարձել է Մոլդովայի առաջին  նախագահը, որն այցելել է Հայաստան, Դոդոնը վստահություն հայտնեց, որ այցը նոր էջ կբացի երկկողմ հարաբերությունների զարգացման համար։

Մոլդովայի նախագահն արձանագրեց, որ դիվանագիտական հարաբերությունների 25 տարում ստորագրվել է 15 միջկառավարական եւ միջպետական համաձայնագիր, կա տարբեր հարցերում համագործակցության փորձ «Բայց ես հույս ունեմ, որ այս այցից հետո մենք նոր մակարդակ դուրս կգանք»,- ասել է նախագահը։

Խոսելով առեւտրային հարաբերություններից՝ Դոդոնը նշեց, որ պետք է ընդունել, որ դրանց մակարդակը չի համապատասխանում առկա պոտենցիալին։ Որոշ առումով դա պայմանավորված է միջկառավարական  հանձնաժողովի նիստերի բացակայությամբ։ Մոլդովայի նախագահը հայտնեց, որ հանդիպման ժամանակ քննարկվել են եվրոպական եւ տարածաշրջանային կազմակերպությունների համագործակցության հարցերը։ Նա հատկապես նշեց ԱՊՀ տարածքում համագործակցությունը։ «Վստահ եմ, որ  մեր երկրները լավ հարաբերություններ կունենան արեւմտյան պետությունների հետ»,- ասել է նա։

Դոդոնի կարծիքով Հայաստանը բազմակոկղմանի համագործակցության օրինակ  է։ «Մեզ շատ է հետաքրքրում Հայաստանի փորձը՝ որպես ԵՏՄ անդամի»,- ասել է Դոդոնը՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ նախագահին աջակցության համար, որը Մոլդովան ստանում է այդ նոր կազմակերպության հետ համագործակցելու ձգտումներում։ Մոլդովայի քաղաքացիների մեծ մասն  ուզում է համագործակցել ԵՏՄ-ի հետ, հավելել է նախագահն ու նշել, որ Հայաստանը ԵՏՄ անդամակցության հետ մեկտեղ պլանավորում է շուտով ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքել։

Խոսելով առկա հակամարտություններից՝ Իգոր Դոդոնը հույս է հայտնել, որ բոլոր խնդիրները կլուծվեն բացառապես խաղաղ ճանապարհով։

Մոլդովայի նախագահը նաեւ նշել է հայկական  հ ամայքնի ակտիվությունն իր երկրում՝ հույս հայտնելով, որ հարաբերությունները կզարգանան նաեւ մշակութային եւ հումանիտար ոլորտներում։ Ելույթն ամփոփելով՝ Դոդոնը Սերժ Սարգսյանին հրավիրեց եկող տարի այցելել Մոլդովա։