Վեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում կայացած գագաթնաժողովներում ձեռքբերված պայմանավորվածությունները պետք է իրականացնել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 9-ին, Երեւանում Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնի հետ հանդիպումից հետո լրատվամիջոցների առջեւ իր խոսում նշել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Իմ կողմից եւս մեկ անգամ վերահաստատվեց ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի եւ սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների վրա, որոնք մասնավորապես վերաբերում են ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառմանը, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքին:
Ընդգծվել է նաեւ Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում եւ Ժնեւում կայացած գագաթնաժողովներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացման կարեւորությունը՝ ուղղված իրավիճակի սրացումը թույլ չտալուն, հրադադարի ռեժիմի պահպանմանը, հակամարտության գոտում լարվածության թուլացման ու բանակցային գործընթացի ակտիվացման նպատակով հավելյալ միջոցների ձեռնարկմանը»,- նշել է Սերժ Սարգսյանը:




























