Այսօր՝ դեկտեմբերի 16-ին Հայաստանի ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ալիկ Սարգսյանը գոհունակություն է հայտնել ՀՀ ոստիկանության եւ  ԱՄՆ դեսպանության  համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ եւ հույս հայտնել, որ փոխգործակցությունն առաջիկայում ավելի  կընդլայնվի ու կխորանա: Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումներին, թրաֆիքինգի եւ ընտանեկան բռնությունների դեմ պայքարի հարցերին:

Շնորհակալություն հայտնելով ամերիկյան կողմին տարբեր ծրագրերի իրականացմանը ցուցաբերած գործուն աջակցության համար՝ ՀՀ ոստիկանության պետը համոզմունք է հայտնել, որ բարեփոխումների այդյունքում, ամենամոտ ապագայում մեր երկիրը կունենա  արդիական, ժամանակի պահանջներին լիովին համապատասխանող ոստիկանական  համակարգ: