Հայաստանի փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար, հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Արմեն Գեւորգյանն այսօր՝ դեկտեմբերի 16-ին ընդունել է Հայաստանում գտնվող եգիպտացի լրագրողների խմբին:

ՏԿՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ փոխվարչապետը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք մասնավորապես վերաբերում էին Եգիպտոսի հետ հարաբերություններին, երկկողմ տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին, տարածաշրջանի երկրների հետ Հայաստանի փոխհարաբերություններին:

Նշելով, որ տնտեսական գործակցության մակարդակը զիջում է բարձր մակարդակի վրա գտնվող քաղաքական երկխոսությանը, նա տեղեկացրել է, որ  քայլեր են ձեռնարկվում առեւտրատնտեսական կապերը զարգացնելու ուղղությամբ: Գալիք տարվա առաջին կեսին նախատեսվում է միջկառավարական հանձնաժողովի նիստի անցկացումը, որի ընթացքում կամփոփվեն մինչ այժմ գործակցության արդյունքները եւ կնախանշվեն փոխգործակցության նոր հեռանկարները, կներկայացվեն Հայաստանում վերջին տարիներին ձեւավորված տնտեսական ու ներդրումային հնարավորությունները: 

Լրագրողների խնդրանքով ներկայացնելով Հայաստանի տնտեսական հնարավորությունները` փոխվարչապետը երկկողմ փոխգործակցության համար հեռանկարային է համարել  բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, շինարարության, զբոսաշրջության ոլորտները, անդրադարձել է նաեւ Հայաստանում իրականացվող ծրագրերին:

Նա հույս է հայտնել, որ այցի ընթացքում նրանց կհաջողվի բացահայտել Հայաստանն ու տպավորությունները փոխանցել Եգիպտոսի բարեկամ ժողովրդին: