Քիչ առաջ ավարտվել է Հայաստանի հանրապետական խորհրդի նիստը, որին մասնակցել է կուսակցության առաջնորդ, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը:

ՀՀԿ խորհրդի նիստում, ի թիվս այլոց, քննարկվել է նաեւ Երեւանի քաղաքապետի պաշտոնում թեկնածություն առաջարկելու հարցը:

Ինչպես NEWS.am-ին հայտնեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ խորհուրդը միաձայն որոշել է, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնում կուսակցությունն առաջարկում է «Հայռուսգազարդ» ընկերության նախագահ Կարեն Կարապետյանի թեկնածությունը:

Մինչ այդ նշվում էր, որ ՀՀԿ-ում այդ պաշտոնի համար քննարկվում է երկու թեկնածություն. Կարեն Կարապետյանի եւ Երեւանի քաղաքապետի պաշտոնակատար Տարոն Մարգարյանի: Դեռ 2 օր առաջ NEWS.am-ը հայտնել էր, որ ամենայն հավանականությամբ, Երեւանի հաջորդ քաղաքապետը հենց Կարեն Կարապետյանն է լինելու:

Հաշվի առնելով, որ Երեւանի ավագանում ՀՀԿ-ն ունի բացարձակ մեծամասնություն՝ 35 մարդատ, ապա ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանի թեկնածության քվեարկությունը Երեւանի Ավագանու նիստում կրելու է զուտ ձեւական բնույթ:

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնից իր դիմումի համաձայն ազատվել էր Գագիկ Բեգլարյանը՝ ՀՀ նախագահի աշխատակազմի արարողակարգի բաժնի աշխատակից Արմեն Կանդայանին ծեծի ենթարկելուց հետո: