Սահմանադրական դատարանը բարձր դատարան է, այսօրվա կայացրած որոշումը պատրաստվում ենք իրականացնել օրենսդրական փոփոխութունների միջոցով։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի այսօր կայացրած որոշմանը, որով ՍԴ-ն հակասահամանդրական էր ճանաչել Վանաձորի ավագանու կայացրած նիստերն ու որոշումները։
«Դատարանի կայացրած որոշումը վերջնական չեմ ստացել, Սահմանադրական դատարանը 64-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանադրությանն հակասող ճանաչեց եւ դրա հիման վրա մեր կայացրած որոշումները։ Մինչեւ մարտի 31-ը Ազգային ժողովին ժամանակ է տրվել, որպեսզի օրենքում համապատասխան որոշակիություն կամ փոփոխություններ մտցվեն։ Նաեւ մեր որոշումների մասով է մինչեւ մարտի 31-ը ժամանակ տրվել։ Սահմանադրական դատարանը բարձր դատարան է, որոշումը պատրաստվում ենք իրականացնել օրենսդրական փոփոխութունների միջոցով, Վանաձորի ավագանին իր որոշումները կբերի գործող օրենքին համապատասխան դաշտ»,-ասաց նա։
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանն այսօր լրագրողների հետ զրույցում նշել էր, որ ստեղծված իրավիճակից ելքը տեսնում է Վանաձորի ավագանու լուծարմամբ եւ արտահերթ ընտրություններ անցկացնելով, կամ քաղաքապետի հրաժարականով, Մամիկոն Ասլանյանը, սակայն, համակարծիք չէ։
«Էդմոն Մարուքյանն ընդամենը պատգամավոր է, նա Սահմանադրական դատարանից բարձր որոշումներ չի կարող իրականացնել՝ ի երջանկությու մեզ։ Նման որեւէ որոշում Սահմանադրական դատարանը չի կայացրել, կայացրած որոշումը չի կարող անդրադառնալ ավագանու լուծարմանը։ Էդմոն Մարուքյանն ինչ ուզի կարա ասի, ես իրա ասածներն ինչի՞ պիտի մեկնաբանեմ։ Օրակարգում չկա ավագանու լուծարման կամ իմ հրաժարականի հարցը»։
Նշենք, որ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին Վանաձորում կայացած ընտրություններից հետո ավագանու «Լուսավոր Հայաստան», ԲՀԿ եւ «Հայկական վերածնունդ» խմբակցությունները բոյկոտեցին ավագանու նիստերը, մինչ օրս չեն մասնակցում, սակայն Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, չունենալով մեծամասնություն, մինչ օրս ավագանու նիստեր է գումարում՝ պնդելով, որ իրենք անօրինական ոչ մի բան չեն անում, եւ օրենքը իրենց տալիս է այդ հնարավորությունը։
Բանն այն է, որ այդ նշված երեք խմբակցությունները միասին 33 հոգանոց ավագանիում ունեն 18 մանդատ, այսինքն մեծամասնություն են կազմում, սակայն քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը փոքրամասնությամբ նիստեր է անցկացնում:
ՏԻՄ օրենքը մի հոդվածում նշում է, որ նիստն իրավազոր է, երբ նիստին մասնակցում է ավագանու անդամներից կեսից ավելին, իսկ 64-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն էլ ավագանու նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա են որոշում ընդունելու համար անհրաժեշտ թվով ավագանու անդամներ: 4-րդ կետն էլ արձանագրում է, որ ավագանու որոշումները ընդունվում են նիստին ներկա ավագանու անդամների ձայների մեծամասնությամբ, բայց ոչ պակաս, քան ավագանու անդամների ընդհանուր թվի մեկ քառորդով: Այդ մեկ քառորդը կազմում է 8,2 ձայն, հետեւաբար Մամիկոն Ասլանյանի պնդմամբ, եթե 9 հոգի կողմ է որոշումների ընդունմանը՝ նիստն իրավազոր է:
Այս խնդրի առնչությամբ «Լուսավոր Հայաստան»-ը դիմել է Սահմանադրական դատարան: Եթե ՍԴ-ն որոշի, որ ՏԻՄ օրենքի այդ դրույթը հակասահմանադրական է, ապա, ամենայն հավանականությամբ, պետք է անվավեր ճանաչվեն մինչ օրս ավագանու ընդունած բոլոր որոշումները, քանի որ այնտեղ կեսից ավելին ներկա չի եղել:




























