Մենք երբեք չենք խնդրում մեր բարեկամ, գործընկեր երկրներին աջակցել Հայաստանին որեւէ մեկի, ներառյալ Ադրբեջանի դեմ: Այս մասին, իսրայելական i24 news հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Լրագրողի դիտարկմանը, թե ադրբեջանցիները պնդում են, որ վերջին մի քանի ամսվա ընթացքում խնդիրներ են առաջացել կապված հրադադարի խախտումների հետ, արդյոք Հայաստա՞նն է խախտում հրադադարը, Նալբանդյանը պատասխանել է.

«Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ մեր ակնկալիքն է՝ աջակցել միջազգային հանրության դիրքորոշմանը եւ համահունչ լինել դրա հետ: Միջազգային հանրությունը մանդատ է տվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին՝ ԱՄՆ-ին, Ռուսաստանին եւ Ֆրանսիային, միջնորդել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում: Սա բացառիկ դեպք է, երբ Միացյալ Նահանգները, Ռուսաստանը եւ Ֆրանսիան, իրենց երկրների նախագահների մակարդակով, հինգ հայտարարություններ են ընդունել՝ որպես մեկ ամբողջություն մշակված հստակ սկզբունքների եւ տարրերի միջոցով` մանրամասն ներկայացնելով, թե ինչպես կարող է հանգուցալուծվել հակամարտությունը: Եվ Հայաստանի դիրքորոշումը համահունչ է համանախագահ երկրների դիրքորոշման հետ, այսինքն միջազգային հանրության դիրքորոշման հետ»:

Հարցին, թե միջազգային հանրության դիրքորոշումը այն է, որ այդ տարածքները ադրբեջանակա՞ն են, Հայաստանի ԱԳ նախարարը բացասական պատասխան է տվել:

«Դա միջազգային հանրության դիրքորոշումը չէ: Ինչպես ես ասացի, միջազգային հանրության դիրքորոշումն արտահայտված է երեք համանախագահ երկրների նախագահների հինգ հայտարարություններում, եւ այնտեղ շատ հստակորեն ասված է, որ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազատ կամարտահայտման միջոցով, որը միջազգային իրավական պարտադիր ուժ կունենա, ներառյալ Ադրբեջանի համար: Սա է միջազգային հանրության դիրքորոշումը, եւ մենք աջակցություն ենք հայտնում այս դիրքորոշմանը, իսկ Ադրբեջանը՝ ոչ:

Ինչ վերաբերում է հրադադարի խախտումներին, եւ, ի դեպ, սա նաեւ երեք համանախագահ երկրների դիրքորոշումն է, այսինքն նաեւ միջազգային հանրության ու Հայաստանի դիրքորոշումը, որ պետք է հարգվեն 1994-1995թթ. Լեռնային Ղարաբաղի, Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ձեռք բերված եռակողմ անժամկետ համաձայնագրերը` հրադադարի հաստատման եւ հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին: Ադրբեջանը մշտապես փորձում է չհարգել հրադադարի համաձայնագրերը եւ նույնիսկ հարցականի տակ դնել այդ համաձայնագրերի ուժի մեջ լինելը:

Սա է տարբերությունը մեր եւ Ադրբեջանի դիրքորոշումների միջեւ: Ավելին, միջազգային հանրությունը երեք համանախագահների միջոցով հանդես է եկել հրադադարի համաձայնագրերի խախտման հետաքննության մեխանիզմ ստեղծելու մասին առաջարկով: Հայաստանն աջակցում է հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ առաջարկին, որը կարող է նաեւ ծառայել որպես կանխարգելման մեխանզիմ: Ադրբեջանը մերժում է այս մեխանիզմի ստեղծումը:

Իհարկե, եռանախագահ երկրնեը միջնորդներ են եւ միշտ չէ, որ կարող են իրենց կարծիքը արտահայտել բաց եւ հրապարակային ձեւով։ Չնայած դրան նրանք մշտապես ասում են, որ այն կողմը, որը հրաժարվում է կանխագելման մեխանիզմի ստեղծումից, կրում է հրադադարի խախումների ողջ պատասխանատվությունը»: