Քիչ առաջ Հայաստանի հանրապետական խորհրդի նիստում որոշում է կայացվել, որ Հանրապետական կուսակցությունը Արդարադատության նախարարի պաշտոնում առաջարկում է Հրայր Թովմասյանի թեկնածությունը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
ՀՀԿ խորհրդի նիստին մասնակցել է կուսակցության առաջնորդ, երկրի նախագահ Սերժ Սարգսյանը, ում իրավասությունների ներքո է նախարարների նշանակումը:
Հիշեցնենք, որ Արդարադատության նախարարի թափուր պաշտոնի հավանական թեկնածուների շարքում նշվում էին նաեւ ՀՀ նախագահի խորհրդական Գեւորգ Կոստանյանի եւ Արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանի անունները: Դեռեւս երեկ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ դեկտեմբերի 16-ին կհայտարարվի, որ Արդարադատանության նախարար է նշանակվում Հրայր Թովմասյանը:
Հրայր Թովմասյանը ներկայումս Տեխնիկական համագործակցության սահմանափակ պատասխանատվությամբ գերմանական ընկերության (GTZ) ծրագրերի իրավախորհրդատուն է:
Նշենա նաեւ, որ Արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանը պաշտոնանկ էր արվել դեկտեմբերի 9-ին՝ պաշտոնեական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար: Սերժ Սարգսյանը որոշել է պատժել նախարարին իրեն վստահված համակարգում տեղ գտած ֆիզիկական հաշվեհարդարի դեպքերին ժամանակին ու համարժեք չարձագանքելու համար:Վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնական մեկնաբանությամբ, Դանիելյանը չէր պատժել «էթիկայի նորմերի մեջ» թերացած Միհրան Պողոսյանին՝ ԴԱՀԿ պետին:





























