Թուրքիայի Մալաթիա քաղաքում նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը անցկացված «Բյուրեղապակյա ծիրան» կինոփառատոնում քննարկվել է 2011-ից հայկական «Ոսկե ծիրան» հիմնադրամի հետ համագործակցելու հարցը՝ համատեղ ֆիլմեր ստեղծելու կամ փոխադարձաբար ֆիլմեր ներկայացնելու տեսքով։  Այս մասին տեղեկացրել են «Ոսկե ծիրան» կինոփառատոնի պատվիրակության անդամները, ովքեր թուրքական կողմի հրավերով մասնակցել են «Բյուրեղապակյա ծիրան» կինոփառատոնին։

Մալաթիայի նահանգապետ Ուլվի Սարանը կինոփառատոնի բացման խոսքում նշել է, թե պատահական չէ, որ նման միջոցառումն անցկացվում է Մալաթիայում, քանի որ այնտեղ են ծնվել արվեստի եւ մշակույթի հայտնի գործիչներ, դրանց շարքում հատուկ շեշտելով Հրանտ Դինքի եւ Ատոմ Էգոյանի անունները։

Ալի Չալիշարի ղեկավարությամբ կազմակերպված «Բյուրեղապակյա ծիրան» կինոփառատոնին ներկայացվել է 100 ֆիլմ, իսկ հրավիրված հյուրերի թիվը հասել է 300-ի, ովքեր ժամանել էին Ճապոնիայից, Գերմանիայից, Շվեյցարիայից, Ֆրանսիայից, Հայաստանից եւ այլ երկրներից։  Միջազգային ժյուրիի դատին է հանձնվել թուրքական արտադրության գեղարվեստական եւ կարճամետրաժ ֆիլմեր, ինչպես նաեւ ռեժիսորներ Վուդի Ալենի, Սոֆիա Կոպպոլայի, Քեն Լոուչի, Աբբաս Կիառոստամի եւ Վերներ Հերցոգի նոր ֆիլմերը։

Կինոփառատոնի փակման արարողության ժամանակ հայտարարվել է, որ 2011-ից կսահմանվի նաեւ «Հրանտ Դինք» անունով հատուկ մրցանակ։ Այս հայտարարությունը հավանության է արժանացել Թուրքիայի մշակույթի եւ տուրիզմի նախարար Էրթուղրուլ Գյունայի կողմից  եւ դահլիճում ընդունվել ծափողջույններով։

Կինոփառատոնին մասնակցած հայկական պատվիրակության անդամների հետ քննարկվել է հաջորդ տարվանից «Մալաթիա կինոփառատոն»-ի եւ «Ոսկե ծիրան»-ի համագործակցության հնարավորությունները՝ համատեղ ֆիլմեր ստեղծելու կամ փոխադարձաբար ֆիլմեր ներկայացնելու նախագծերով։