Լիբանանում կատարվածը կարելի է բնութագրել որպես վերահսկելի քաոս։ Այս մասին NEWS-am-ի հետ զրույցում ասել է Բեյրութում լույս տեսնող «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահեն Գանտահարյանը՝ մեկնաբանելով այդ երկրում վարչապետ Սաադ Ալ Հարիրիի հրաժարականից հետո ստեղծված իրավիճակը։

Շահեն Գանտահարյանը վստահ է, որ Լիբանանը, բնականաբար, պիտի ազդվեր սուննի–շիա լարվածության նոր ալիքից։ «Դրա ընդհանուր շրջանակում էլ պետք է դիտարկել վարչապետ Հարիրիի հանկարծակի հրաժարականը։ Կարծում եմ, որ այս պահի դրությամբ որեւէ լուծում տեսանելի չէ, փաստորեն նաեւ հանրապետության նախագահը չի ընդունել հրաժարականը՝ ասելով, որ անհամաձայնությունների մթնոլորտ չկա, ընդհակառակը, Լիբանանին հաջողվել է ընտրել նախագահ եւ նշանակել վարչապետ, կառավարություն։ Բազմաթիվ անլույծ հարցեր իրենց հանգուցալուծումներն էին գտնում վերջապես։ Այսինքն քաղաքական հասարակական կյանքը նորմալ հունով գնում էր, երբ հնչեց այս անսպասելի հրաժարականը։ Հրաժարականի վայրը նույնպես տարատեսակ մեկնաբանությունների դուռ է բացել»,- նշել է Գանտահարյանը։

Նրա խոսքով, Լիբանանը մտել է քաղաքական առումով անորոշ փուլ։ «Բայց միաժամանակ կա քաղաքական կամքի դրսեւորում՝ չներքաշվելու այս նոր լարվածության մեջ։ Իհարկե պետք է բացասական գնահատել Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի պաշտոնական հայտարարությունները, որոնք քաղաքացիներին հորդորում են չգնալ Լիբանան եւ իրենց քաղաքացիներին հետ են կանչել։ Այս պահին կյանքը նորմալ հունով գնում է։ Կան անորոշություններ, մտահոհգություններ, սակայն կա չներքաշվելու համալիբանանյան տրամադրության եւ լիբանանյան միասնականությունը պահելու ճիգեր»,- արձանագրել է Գանտահարյանը։

Անդրադառնալով տեղեկություններին, թե Հարիրիին սպառնալիքով են հարկադրել հրաժարական տալ եւ պահում են Սաուդյան Արաբիայում, Գանտահարյանն ասել է. «Էր Ռիադից այս անսպասել իհայտարարությունը կարող են տարբեր մեկնաբանությունների հիմնավորում ծառայացնել։ Վարչապետը պետք է վերադառնա նախագահի հետ հանդիպի եւ հիմնավորի իր որոշումը, որպեսզի օբյեկտիվ հիմնավորում տրվի։  Դա պետք է Լիբանանից բացատրվի, հիմնավորվի, բացատրվի, եւ դրանից հետո նոր վարչապետի նշանակման գործընթաց սկսի»։

Հարցին, թե ինչ զարգացումներ են կանխատեսվում եւ ում է էր սա ձեռնտու, նա պատասխանել է. «Եթե ընդհանուր տարածաշրջանային գլոբալ վերլուծություններ անենք, արդեն 6 տարի է՝ ամբողջ տարածաշրջանը թեժ մթնոլորտում է։ Ժամանակակից քաղաքագիտության մեջ սա բնութագրվում է վերահսկելի քաոս»,- նշել է նա։

Հարցին, թե որքանով է հավանական պատերազմը, թե հնարավոր կլինի խուսափել դրանից, Շահեն Գանտահարյանը պատասխանել է. «Դժվար է կանխատեսել։ Սահմանափակ պատերազմական գործողություններ տարածաշրջանում շարունակվում են տարածաշրջանում։ Իսկ Լիբանանում վերջին շրջանում համակողմանի համաձայնական մթնոլորտ է ձեւավորվել»։

Նշենք, որ նախօրեին Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին Սաուդյան Արաբիյից հայտարարեց, թե հրաժարական է տալիս, քանի որ մտահոգված է իր կյանքի եւ անվտանգության համար։ Նա մինչ օրս չի վերադարձել հայրենիք։ Դրանից հետո Լիբանանի եւ արաբական մի քանի երկրների հարաբերությունները կտրուկ սրվեցին, Սաուդյան Արաբիան եւ Քուվեյթը իրենց քաղաքացիներին հորդորել են լքել Լիբանանը։ Լիբանանի նախագահ Միշել Աւոնը նշել է, թե իրենք չեն ընդունում Հարիրիի հրաժարականը եւ սպասում են նրա պարզաբանումներին Բեյրութում։