Սաուդյան Արաբիան հարցումով դիմել է Արաբական պետությունների լիգային Իրանի «միջամտության» հարցով կազմակերպության արտահերթ նիստ անցկացնելու մասին, հայտնում է Sky News Arabia-ն:

Մասնավորապես՝ Էր Ռիադն առաջարկում է ԱԳ նախարարների մակարդակով արտակարգ նստաշրջան գումարել հաջորդ կիրակի:

Սաուդյան Արաբիայի իշխանությունները Իրանին մեղադրում են Եմենի խռովարար հուսիներին բալիստիկ հրթիռներ մատակարարելու մեջ: Նոյեմբերի 2-ին սաուդյան ՀՕՊ ուժերը որսացել էին Burkan-2 բալիստիկ հրթիռը, որը հուսիները («Անսար Ալլահ» շարժման կողմնակիցները) արձակել էին  Էր Ռիադից 35 կմ հյուսիս գտնվող միջազգային օդանավակայանի ուղղությամբ: Հրթիռի բեկորներն ընկել էին չբնակեցված տարածքում: Երկուշաբթի արաբական կոալիցիան հայտարարել էր հրթիռակոծությանն ի պատասխան Եմենի ծովային, օդային եւ ցամաքային շրջափակում մտցնելու մասին՝ ավելի ուշ այն մեղմելով այն շրջաններում, որոնք վերահսկվում են համաշխարհային հանրության տեսակետից երկրի օրինական ղեկավարության կողմից:

Բացառված չէ, որ ԱՊԼ ԱԳ նախարարների հանդիպման կայանալու դեպքում խոսքը կարող է հասնել նաեւ Լիբանանի իրավիճակին: