Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին, որին իբր թե բռնի ուժով պահում են Սաուդյան Արաբիայում, հայտարարել է, որ մի քանի օրից հայրենիք կվերադառնա պաշտոնական հրաժարական ներկայացնելու համար։ Այս մասին նա ասել է Future TV–ին տված հարցազրույցում, փոխանցում է BBC–ն։
«Ես հրաժարական եմ տվել։ Ես շատ շուտով կմեկնեմ Լիբանան եւ սահմանադրական ձեւով կներկայացնեմ իմ հրաժարականը»,– ասել է նա։
Հարիրին նաեւ հավելել է, որ իր հրաժարականը Լիբանանի համար շրջադարձային կետ էր։ Նա նաեւ նշել է, որ իրեն Սաուդյան Արաբիայում բռնի չեն պահում։
«Ես այստեղ ազատ եմ։ Եթե ես ցանկանամ վաղը տեղափոխվել, ես դա կանեմ»,– ասել է նա։
Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, Էր Ռիյադում գտնվելու ժամանակ՝ նոյմեբերի 4-ին, հայտարարել էր իր հրաժարականի մասին:
Լիբանանի նախագահ Միշել Աունը, հայտարարել էր, որ ինքը սպասելու է քաղաքական գործչի վերադառնալուն` հրաժարականի բացատրությունը տալու համար: «Հիզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահն ասել է, որ Սաուդյան Արաբիայում պետք է փնտրել Հարիրիի հրաժարականի պատճառները:




























