Թուրքիան անելիք չունի Արցախյան կարգավորման գործընթացում։ Այդ մասին ԱԺ ամբիոնից հայտարարել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։

Նրա խոսքով, հայաստանյան քաղաքական օրակարգի ամենաառանցքային հարցերից է Արցախյան հարցի խաղաղ կարգավորումը: «Չնայած Թուրքիայի ձգտումներին` ստանձնել որեւէ դերակատարում կարգավորման գործընթացում, մենք հաստատակամորեն հայտարարում ենք. «Թուրքիան անելիք չունի Արցախյան կարգավորման գործընթացում»»,- ասել է նա:

Ըստ Շարմազանովի, Թուրքիան սատարել եւ սատարում է Ադրբեջանի հանցագործ քաղաքականությանը եւ շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը: «Սա դատապարտելի է: Մինսկի խմբի եռանախագահների ձեւաչափը միակ ընդունելի ձեւաչափն է ոչ միայն հայկական կողմերի, այլ նաեւ միջազգային հանրության համար:

Բանակցություներում առաջընթաց ապահովելու  համար նախ եւ առաջ պետք է իրականացվեն Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի եւ ժնեւի պայմանավորվածություները: Բոլոր փորձերը՝ սահմանափակել  Արցախի ժողովրդի ազատ ու պարտադիր կամարտահայտության իրավունքը խստորեն դատապարտելի են: Արցախը հռչակել է իր  անկախությունը միջազգային նորմերին եւ ԽՍՀՄ օրենսդրությանը համապատասխան, եւ Արցախի անկախությունը նույնքան օրինական է, որքան ԽՍՀՄ նախկին 15  հանրապետությունների անկախացումը:  Արցախի ինքնորոշման օրինականությունը կասկածի տակ դնելով՝ Ադրբեջանը կասկածի տակ է դնում իր իսկ անկախության օրինականությունը: Հետեւություն. Արցախի անկախությունն այլընտրանք չունի»,- ասել է նա: