Իսրայելը պատրաստ է միայնակ գործել՝ թույլ չտալու, որ Իրանը միջուկային զենք ստանա եւ Սիրիան վերածի սեփական  ռազմաբազայի: Այդ մասին հայտնել է Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն, փոխանցում է The Jerusalem Post-ը:

Ելույթ ունենալով Հյուսիսային Ամերիկայի հրեական համայնքի գլխավոր ասամբլեայի մասնակիցների առջեւ՝ նա Թեհրանին մեղադրել է Իսրայելի սահմաններում ամրապնդվելու համար սիրիական հակամարտությունն օգտագործելու ձգտումների մեջ:

Նեթանյահուի խոսքով՝ Իրանը  «խարդավանքներ է հյուսում», որպեսզի ռազմական առումով ամրապնդվի Սիրիայում:  «Նրանք մշտապես ձգտում են օդային, ցամաքային եւ ծովային ռազմական ներկայության, որպեսզի Սիրիային օգտագործեն  որպես Իսրայելը ոչնչացնելու բազա»:

Նա համաշխարհային հանրությանը հորդորել է խմբակային հակահարված տալ «իրանական ագրեսիային»:

«Իրանը միջուկային զենք չի ստանա, նա Սիրիան ռազմական հենակետի չի վերածի ընդդեմ Իսրայելի», - ասել է Իսրայելի վարչապետը: Նա նաեւ դրվատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Իրանի հետ միջուկային գործարքը վերանայելու պատրաստակամության համար: