Նոյեմբերի 22-ին խոստացված կլոր-սեղան քննարկումը իշխանության եւ դասադուլ ու հացադուլ հայտարարած ուսանողների միջեւ բավարարում է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներին։ Այդ մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ավելացնելով, որ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը եւ հանդիպման մյուս մասնակիցները խոստացել են, որ եթե բողոքարարներին հաջողվի ապացուցել իրենց օբյեկտիվությունն ու ճշմարտացիությունը, ապա օրենքը կկասեցվի։
Նրա փոխանցմամբ, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել կլոր-սեղան քննարկմանը, թող կապվեն նախաձեռնության անդամների հետ։ «Կհանդիպենք գիտնականների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, կպատրաստվենք կլոր սեղան քննարկմանը»,-նշեց նա։
Դավիթ Պետրոսյանի շեշտեց նաեւ, որ ԱԺ-ում հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այն ուսաանողները, որոնք մասնակցել են դասադուլին, չեն պատժվի, նրանց նկատմամբ որեւէ տույժ չի կիրառվի։ Բացի այդ, ԱԺ-ում զերծ կմնան նախաձեռնության ֆինանսավորման եւ նմանատիպ անպատասխանատու հայտարարություններից:
Հիշեցնենք, որ դասադուլ անող ուսանողներին ԱԺ-ից առաջարկել 4-5 հոգի ընտրել, ովքեր կհանդիպեն ԱԺ ղեկավարության հետ։ Հանդիպումն ընթանում էր առանց լրատվամիջոցների ներկայության։ Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի աղմկահարույց նախագիծը:



























