Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողների մի մասը համաձայն չէ դասադուլը դադարեցնելու որոշման հետ: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 15-ին, հայտարարեց ուսանողներից Վահրամ Գրիգորյանը: Նա նշեց, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամների հայտարարությունը 7 օր տեւած դասադուլը դադարեցնելու վերաբերյալ ոչ բոլոր ուսանողների որոշումն է եւ իրեք պետք է շարունակեն պայքարն ու հասնեն իրենց պահանջների բավարարմանը:
«Էստեղ լիքը մարդիկ կան, որոնք չեն ուզում դադարեցնել, այլ ուզում են շարունակել դասադուլը: Կլոր սեղանի շուրջ էդ բանակցությունները ոչ մի բան չեն տալու, բանակցություններով գլխավոր պահանջները չեն կատարվելու: Հնարավոր է, որ որոշակի կետեր փոփոխության ենթարկվեն, բայց մեր հիմնական պահանջը այդ ձեւաչափով չի կատարվելու: Մենք մեր դասադուլը շարունակելու ենք»,-ասաց նա:
Տարկետման իրավունքի սահմանափակման դեմ բողոքող ուսանողների ու ԱԺ ղեկավարության միջեւ փակ հանդիպումն տեղի ունեցավ, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը հանդիպումից հետո լրագրողներին հայտնեց, որ համաձայնություն է ձեռք բերվել նոյեմբերի 22-ից կլոր սեղան կազմակերպել գիտության, կրթության ոլորտների, կառավարության եւ շահագրգիռ կողմերի ներկայացուցիչների հետ, քննարկել հարցը եւ լուծումներ առաջարկել: Մինչ այդ ուսանողները համաձայնել են դադարեցնել հացադուլն ու դասադուլը: Դավիթ Պետրոսյանի խոսքով, եթե այդ կլոր սեղանի ժամանակ իրենք կկարողանան ապացուցել իրենց պահանջի օբյեկտիվությունը, այդ դեպքում հնարավոր է՝ որոշ զիջումներ լինեն, որոնք կկարգավորվեն արդեն ընդունված օրենքից բխող նորմերով:
Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 15-ին, ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» նոր օրենքի աղմկահարույց նախագիծը: Ուսանողները որպես բողոքի նշան փակել էին Բաղրամյան պողոտան, ոստիկանները փորձեցին ուժով ազատել պողոտան, հրմշտոց սկսվեց, մի քանի ուսանող այդ ընթացքում թեթեւ մարմնական վնասվածքներ ստացան:
«Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները պահանջում են պահպանել ներկայում գործող ակադեմիական տարկետման իրավունքի սկզբունքները: Պաշտպանության նախարարության առաջարկած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքով առաջարկվում է խիստ սահմանափակել այդ իրավունքը:


























