2011 թվականից Հայաստանում ներկայումս գործածվող անձնագրերին զուգահեռ կիրառության մեջ կմտնեն նաեւ կենսաչափական տվյալներ պարունակող կամ չիպերով անձնագրերը։ Նոր տիպի անձնագրերում կլինեն ներկայիս անձնագրերի բոլոր տվյալները, ինչպես նաեւ՝ երկու ձեռքի ցուցամատերի մատնահետքերի տվյալները։
Նոր անձնագրերով ավելի հեշտ կլինի այլ երկրի մուտքի վիզա ստանալ, որովհետեւ այն ավելի պաշտպանված է եւ ավելի հուսալի։ Այս մասին դեկտեմբերի 17-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանը՝ նշելով, սակայն, որ անհրաժեշտ են նաեւ երկկողմանի պայմանագրեր։
«Ինչպես այսօր շենգենյան երկրներում սահմանը հատում են քարտերով, եւ անձնագրերի կարիք չի լինում, այնպես էլ ՀՀ-ն կարող է երկկողմանի պայմանագրեր կնքել, որից հետո այս քարտը նաեւ կարող է սահման հատելու փաստաթուղթ հանդիսանալ»,-ասաց Ն. Մուրադխանյանը։
NEWS.am- Ինովացիայի թղթակիցը խնդրեց հստակեցնել, թե, արդյոք, նոր տեսակի փաստաթուղթը կհեշտացնի՞ ՀՀ քաղաքացիներին մուտքի արտոնագրերի տրամադրումը, որին ի պատասխան Ն. Մուրադխանյանն ասաց, որ դա ցույց կտա ժամանակը, իսկ ներկայումս այդ ուղղությամբ բանակցություններ են ընթանում։



























