Դեկտեմբերի 17-ին մարվել է «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների նկատմամբ կուտակած պարտքի մոտ 65 տոկոսը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է «Նաիրիտ» գործարանի մամուլի ծառայությունը:

Աշխատավարձի գծով պարտքի մնացած մասը կմարվի հաջորդ շաբաթվա ընթացքում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այս տարվա նոյեմբերի 18-ին եւս «Նաիրիտի» աշխատակիցների բանկային հաշվեհամարներին էր փոխանցվել մեկ ամսվա աշխատավարձը:

Հիշեցնենք, որ «Նաիրիտի» աշխատակիցները բողոքում էին, որ իրենց չեն վճարել 4 ամսվա աշխատավարձ:

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնել էին, որ այս քայլն արվել է «ի կատարումն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նոյեմբերի 12-ի` «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավարձերի պարտքի մարման վերաբերյալ հանձնարարականի»:

«Հանրապետության ղեկավարի հանձնարարականի համաձայն` այս ընթացքում գործադիր իշխանության պատասխանատուների հետ «Նաիրիտ»-ի  ղեկավարությունը քննարկել է ստեղծված իրավիճակը, եւ, մեկ ամսվա աշխատավարձի վճարումից հետո, այժմ ձեռնարկվում են համապատասխան գործողություններ ՀՀ Նախագահի մյուս հանձնարարականը` մեկ ամսվա ընթացքում մնացած ամիսների աշխատավարձը մարելու վերաբերյալ, սահմանված ժամկետում կատարելու համար: Միաժամանակ, աշխատանք է իրականացվում գործարանի վերագործարկման խնդրի լուծման ուղղությամբ»,- նշված է «Նաիրիտի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: