«Ժառանգությունն» առաջարկել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել եւ քննարկել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) դեկտեմբերի 16-ի որոշումը` «Ա1+» հեռուստաընկերությանը կապուղի տրամադրելը մերժելու հարցը:
Այսօր՝ դեկտեմբերի 17-ին Ազգային ժողովի նիստի ընթացքում նման առաջարկությամբ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը խմբակցության անունից նման կոչով դիմել է խորհրդարանական բոլոր խմբակցություններին:
ԱԺ ամբիոնից «Ժառանգության» պատգամավորի արած հայտարարության համաձայն` ՀՌԱՀ-ը թույլ է տվել մի շարք ապօրինություններ.
1. ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանը, խախտելով անմեղության կանխավարկածը, մեղադրել է «Ա1+»-ին փաստաթղթեր կեղծելու մեջ, այն դեպքում, երբ կեղծիքի փաստ, որպես այդպիսին, դատարանի կողմից հաստատված չէ,
2. եթե «Ա1+»-ի ներկայացրած փաստաթղթերի հետ կապված հանձնաժողովը խնդիրներ էր նկատել, ապա նա կարող էր առաջարկել «Ա1+»-ին համապատասխան պարզաբանումներ ներկայացնել,
3. բացառությամբ հանձնաժողովի մեկ անդամի, բոլորը «Ա1+»-ի մրցութային հայտը գնահատել են «0» միավոր, այն դեպքում, երբ գնահատումն իրականացվել է բազմաթիվ չափանիշներով. «0» միավոր գնահատած հանձնաժողովականների թվում են նաեւ ՀՌԱՀ թափուր տեղերի համար 2009թ. դեկտեմբերի 9-ին ԱԺ կողմից նշանակված 4 անդամները` Կորյուն Առաքելյանը, Արամ Մելքոնյանը, Արմեն Մկրտչյանը, Հայկ Քոթանյանը:
Ելնելով այն հանգամանքից, որ օերնսդիր մարմինը ունի վերահսկողական գործառույթներ, «Ժառանգություն» խմբակցությունը գտնում է, որ ՀՌԱՀ-ի առնվազն 4 անդամները, որոնք նշանակվել են խորհրդարանի կողմից, պետք է ԱԺ-ում բացատրություններ եւ հիմնավորումներ ներկայացնեն` իրենց այդ գնահատականների ու կայացրած որոշումների համար:




























