Ծեծկռտուքի մասնակիցներից մեկը, որի ընթացքում սպանվել էր «Սպարտակի» երկրպագու Եգոր Սվիրիդովը, բողոքարկել է իր կալանավորումը:

«Արթուր Արսիբիեւը դիմել է վճռավեկ դատարան բողոքարկելով Զամոսկվորեցկի դատարանի որոշումը, ըստ որի իր նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: Ծեծկռտուքի մյուս մասնակիցները՝ Հասան Իբրահիմովն ու Նարիման Իսմայիլովը դատարանի որոշումը չեն բողոքարկել»,- հայտնել է Զամոսկվորեցկի դատարանի մամուլի քարտուղար Եվգենիա Պազուխինան:

Հիշեցնենք, որ «Սպարտակի» երկրպագուների եւ հյուսիսկովկասցիների միջեւ ծեծկռտուքը տեղի է ունեցել դեկտեմբերի 6-ի գիշերը Կրոնշտադսկի պուրակում: Ծեծկռտուքին մասնակցել է շուրջ 10 մարդ: Վեճի ժամանակ Ասլան Չերկեսովը (Կաբարդինո-Բալկարիայից) գազային ատրճանակից կրակել է երկու հոգու վրա, որի հետեւանքով նրանցից մեկը՝ 28-ամյա Եգոր Սվիրիդովը, մահացել է, իսկ մյուսը ծանր վիճակում տեղափոխվել է հիվանդանոց:

Այդ փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել «սպանություն» հոդվածով:

Դատախազության կողմից անցկացված ստուգումներից պարզ է դարձել, որ այս գործի ընթացքում բազմաթիվ խախտումներ են թույլ տրվել: Մասնավորապես, սպանության մասնակիցները հարցաքննվել են որպես վկաներ, ապա անհիմն ազատ արձակվել»:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին Եգոր Սվիրիդովի հիշատակին նվիրված ակցիան վերաճել էր զանգվածային անկարգությունների, որի ընթացքում արմատական ու ծայրահեղական կոչեր էին հնչել եւ ծեծ ու ջարդի էին ենթարկել փողոցում հանդիպած կովկասցիներին: