Հայաստանը մերժեց հեռարձակման արտոնագիր տրամադրել «Ա1+» անկախ հեռուստատեսությանը` չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռին, ըստ որի` նախկին մերժումները խախտել են արտահայտվելու ազատությունը: Այսօր՝ դեկտեմբերի 17-ին նման հայտարարությամբ է հանդես եկել Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը:
Human Rights Watch-ի Հարավային Կովկասի հարցերով փորձագետ Գեորգի Գոգիան այս կապացությամբ նշել է. ««Այսօրվա որոշումը հերթական հետքայլն է արտահայտվելու եւ տեղեկատվության ազատության համար Հայաստանում: Հստակ է, որ քննադատին եթեր չթողնելը ավելի կարեւոր է այս կառավարության համար, քան իր միջազգային իրավական պարտավորությունները»:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) 8 անդամներից 7-ը 0 միավոր տվեցին «Ա1+»-ին եւ միայն մեկը 2 միավոր տվեց, այնինչ «Ա1+»-ի մրցակիցն ստացավ 44 միավոր: ՀՌԱՀ նախագահ Գրիգոր Ամալյանն այս առիթով ասել է, որ «Ա1+»-ի հայտում կեղծ փաստաթղթեր են հայտնաբերվել: «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ընկերության տնօրեն Մեսրոպ Մովսեսյանն էլ նշել է, որ իրենք արդեն դիմել են ՀՌԱՀ-ին մերժման հիմք հանդիսացող բոլոր փաստաթղթերը տրամադրելու պահանջով, եւ ստացել են գրավոր պատասխան, որ ՀՌԱՀ-ը փաստաթղթերը կտրամադրի 2011 թվականի հունվարի 20-ից հետո:
«Ա1+»-ի շահերի ներկայացուցիչ Տիգրան Տեր-Եսայանն էլ նշել է, որ Գրիգոր Ամալյանի հայտարարություններին արդեն արձագանքել են «Ա1+»-ին ֆինանսական աջակցություն խոստացած ընկերություններից 2-ը:
Այս խնդրին պարզաբանում տալու համար «Ա1+»-ի ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը դեկտեմբերի 20-ին ասուլիս է հրավիրել: Իսկ «Ժառանգությունն» առաջարկել է ԱԺ արտահերթ նիստ հրավիրել այս խնդրի առնչությամբ, քանի որ ՀՌԱՀ անդամներից 4-ին հենց ԱԺ-ն է նշանակում:





























