WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանջը հայտարարել է, որ բախվել է ԱՄՆ-ի «ագրեսիվ գործողություններին», երբ հրապարակել է ամերիկյան դիվանագետների նամակագրության հազարավոր գաղտնի փաստաթղթերը:
Մեծ Բրիտանիայում հանդես գալով լրագրողների առջեւ, Ասանջը հայտարարել է, որ այդ փաստաթղթերի գաղտնազերծումից հետո ԱՄՆ-ը «կորցրել է դեմքը»: Նա քննադատել է ամերիկացիների կողմից սկսված հետաքննության գաղտնիությունը:
Հիշեցնենք, որ Ջուլիան Ասանջը դեկտեմբերի 17-ին Լոնդոնում գրավի դիմաց ազատ է արձակվել: Ավելի վաղ նա ձերբակալվել էր Շվեդիայի պահանջով, որտեղ մեղադրվում է սեռական բնույթի հանցագործության մեջ: Ինքը՝ Ասանջը դա համարում է իրեն վարկաբեկելու արշավի մի մասը:





























