Ձգձգված ղարաբաղյան հակամարության կարգավորման միակ միջոցը կողմերի բանակցությունների սեղան վերադառնալն է ազնիվ մտադրություններով: Այս մասին «Ինտերֆաքսի» հետ զրույցում ասել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը՝ գնահատելով ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը:

Նրա խոսքով՝ ԵԱՀԿ-ն երկխոսության համար հարթակ է տրամադրում եւ աջակցում է կողմերին երկարաժամկետ խաղաղության հասնելու հարցում: Իսկ դրա համար անհրաժեշտ է կողմերի իսկական քաղաքական կամք եւ պարտավորություն:

Գրեմինգերի կարծիքով՝ միայն հակամարտության կողմերը կկարողանան հասնել խաղաղ կարգավորման: «ԵԱՀԿ-ն չի կարող հակամարտության կարգավորում պարտադրել»,- ասել է նա:

«Սրա հետ կապված ես ողջունում եմ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների հանդիպումը, որը հոկտեմբերի 16-ին կայացել է Վիեննայում Մինսկի խմբի համանախագահների հովանավորությամբ եւ դարձել է  ավելի քան մեկ տարում այդ մակարդակով առաջին ուղիղ հանդիպումը: Մասնավորապես ողջունում եմ այն փաստը, որ նախագահները համաձայնել են միջոցառումներ ձեռնարկել  բանակցային գործընթացի ինտենսիվացման եւ շփման գծում լարվածության թուլացման համար:

Չափազանց անհրաժեշտ է, որ կողմերը ճշգրիտ հետեւեն հրադադարի ռեժիմին, որը հաստատվել է 1994 թվականին:

Մինսկի խումբը 3 համանախագահների ղեկավարությամբ կողմերի համար միակ ճանաչված ձեւաչափն է: Այն վայելում է ԵԱՀԿ բոլոր անդամ երկրների լիակատար վստահությունը:

Մինսկի խմբի համանախագահները եւ ԵԱՀԿ գործող նախագահը իր անձնական ներկայացուցչի միջոցով մշտապես կողմերի հետ անմիջական շփման մեջ են  լարվածության թուլացման եւ բանակցային գործընթացի առաջմղման հարցում:

Դիտարկումները, որ կանոնավորապես անցկացնում է ԵԱՀԿ գործող նախագհի անձնական ներկայացուցիչ դեսպան Անջեյ Կասպրշիկը, շարունակում է մնալ ռազմական ոլորտումվստահության ամրապնդման միակ կայուն միջոցը»,- եզրափակել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը: